Պատերազմի մասնակից ուսանողները և այլ սոցիալական խմբերը կշարունակեն ստանալ ուսման վարձի զեղչ նոր կարգով

Մարտական գործողություններին մասնակից ուսանողներին, մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն, համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունած որոշման, հատկացվել է մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում:

Այս ծրագրի շրջանակում արդեն մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում են ստացել 4200 մասնակից ուսանողներ, 2000 մասնակիցների զավակներ և 613 ամուսիններ (կանայք): Ընդհանուր առմամբ ավելի քան 7000 շահառու ստացել է մեկ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում: Այս ծրագրով ուսման վարձի փոխհատուցման գործընթացը կշարունակվի նաև 2022 թվականին` հաշվի առնելով, որ դեռևս կան պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողներ, որոնք չեն զորացրվել:

Միաժամանակ ուսման վարձի փոխհատուցումը շարունակական դարձնելու և այն որպես սովորողի հիմնական իրավունք ամրագրելու նպատակով Կառավարության նախաձեռնությամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքներում: Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտել ընթացիկ տարվա օգոստոսի 16-ին: Ըստ այդմ՝ Կառավարությունը պետք է ընդունի համապատասխան կարգ, որով մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների առանձին խմբեր կօգտվեն ուսման վարձի լրիվ կամ մասնակի զեղչերից` ըստ առաջադիմության:

ԿԳՄՍ նախարարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու մասին» նոր նախագիծ, որն այժմ ներկայացված է այլ շահագրգիռ գերատեսչությունների համաձայնեցմանը, և ակնկալվում է, որ կընդունվի մինչև հոկտեմբեր ու կտարածվի 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցում տրամադրվում է`

  1. ՀՀ կառավարության հաստատած տեղերի քանակին համապատասխան` մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին` մրցութային կարգով` հաշվի առնելով նախորդ կիսամյակի կամ տարվա միջին որակական գնահատականի (ՄՈԳ) ցուցանիշները,
  2. առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և դրանց թվին պատկանող մինչև 23 տարեկան անձանց,
  3. 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի,
  4. ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի,
  5. զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակներին, ծնողներին, ամուսնուն (կնոջը)՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի,
  6. պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:

Նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրվում է՝

  • ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին,
  • սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին,
  • մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին,
  • առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով սովորող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին:

Վերը նշված խմբերն ուսման վարձի զեղչից օգտվելու համար պետք է ապահովեն ՄՈԳ-ի որոշակի շեմ. վարձավճարի զեղչը կավելանա ՄՈԳ-ի ցուցանիշի բարձրացմանը զուգահեռ:

Նշենք, որ ուսման վարձի փոխհատուցման արտոնությունները տարածվում են նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել