ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԿԿՀ անդամի ընտրության քվեարկությանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցելու  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության քվեարկությանը։

«Սկզբունքային նշանակություն ունի՝ որոնք են կոռոպցիայի դեմ պայքարի հակահամակարգային տարրերը, որոնք պետք է նպաստեն, որ կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ լինի, անշուշտ, ինչպես միջազգային փորձն է վկայում, դրա կենտրոնական տեղում ընդդիմությունն է, որը պետք է կարողանա զսպել, հասնել այն բանին, որ իշխանական լծակների տիրապետող անձինք կարողանան զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից», – ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ հակակոռուպցիոն քաղաքականության կենտրոնական, սկզբունքային հարցերից մեկը ընդդիմության դերակատարությունն է:

«Սակայն այն մոդելը, որը որդեգրվել է հիմա, բացարձակ զրոյացրել է ընդդիմության դերակատարությունը: Ընդդիմությունն այստեղ ո՞ւր է, որտե՞ղ է, ինչպե՞ս պետք է կարողանա օբյեկտիվ տեղեկատվություն ստանա պառլամենտը, երբ չկա ընդդիմության խոսքը», – նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Հիշեցնենք, որ մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը:

Նշենք, որ այժմ նա զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել