Սեպտեմբերի 11-ին Քաշաթաղի շրջանում ավարտվեց մարտական հրաձգությամբ ադրբեջանաթուրքական հատուկ ստորաբաժանումների համատեղ զորավարժությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն, որում մասնավորապես նշված է.
«Առաջադրված խնդիրների շարքում էին իրար կապակցող ճանապարհների վրա պայմանական թշնամուն քողարկված մոտենալը, նրա դիվերսիոն խմբերի հայտնաբերման, դարանակալման, վնասազերծման ուղղությամբ քայլեր իրականացնելը: Նկատենք` զորավարժություններին մասնակցած թուրքական հատուկջոկատայիններն ակտիվորեն մասնակցել են Արցախյան վերջին` 44-օրյա պատերազմին, որից հետո նրանց զգալի հատվածը այդպես էլ շարունակեց տեղակայված մնալ Արցախի գրավյալ տարածքներում:
Թշնամու կողմից խորապես պլանավորված գործողությունների տրամաբանության մեջ պիտի դիտարկել այն, որ զորավարժությունների հաջորդ օրը Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանության կողմից տեղակայվեց հսկիչ անցակետ, իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռան փաստաթղթերի ստուգում։
Հայաստանի պետականության նկատմամբ կիրառված այս ստորացուցիչ քայլի հետևում դժվար չէ նկատել թշնամու դրած խայծը: Բեռների ստուգման տակ շատ արագ կհետևեն խորապես պլանավորված սադրիչ գործողություններ: Չպետք է մոռանալ, որ Արցախի ու Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, հատկապես զինվորական միջավայրից, գտնվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից հայտարարված հետախուզման մեջ կամ կարող են դիտվել որպես այդպիսին: Հեշտ կանխատեսելի է` կգա պահը և զորավարժանքներում մարտական փորձառություն անցած թշնամական հատուկ ստորաբաժանումները կանցնեն ճանապարհային որսի: Հերթական սադրանքի արդյունքում կստեղծվի ռազմական բախման հեռանկարով սահմանային լարված իրավիճակ, թակարդում կհայտնվեն Լաչինի միջանցքն ու հայ-իրանական միջպետական ճանապարհը»: