Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է փոխնախագահի ընտրության հարցը: «Հայաստան» դաշինքը կրկին առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
Նշենք, որ նա 2 անգամ չի ընտրվել:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ կա որոշակի բախում իրավունքների առումով:
«Ձեր իրավունքն է առաջադրել, մեր իրավունքն է ընտրել կամ չընտրել: Արդեն 2 անգամ ձեր թեկնածությունը մերժել ենք, այսօր էլ ենք քվեարկելու: Արդյո՞ք ձեր վրա բարոյական պարտավորություն չեք զգում, որպեսզի ինքնաբացարկ տաք և հնարավորություն տաք առաջադրել այլ թեկնածուի»,-ասաց նա:
Արթուր Ղազինյանն ասաց, որ հարգում են իրենց չքվեարկելու իրավունքը:
«Խմբակցության որոշումն է իմ թեկնածությունն առաջադրելը: Երբ հարց բարձրացվի, որ թեկնածուն պետք է փոխվի, ես դա կընդունեմ որպես իրողություն: Չեմ պատրաստվում լքել մարտի դաշտը, խրամատը, դիրքը, անունն ինչ ուզում եք՝ դրեք»,-նշեց Արթուր Ղազինյանը: