Ադրբեջանը ցանկացած պահի կարող է կտրել Կապանը․ Վահե Հակոբյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը խոսեց Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին՝ նշելով, որ ամենաթողության և ամեն ինչը զիջելու պարագայում ադրբեջանական կողմը լկտիանում է։

«Ադրբեջանական կողմը Որոտանի ճանապարհի վրա ոստիկանական հենակետ է դրել։ Համացանցում հայտնվել են տեսանյութեր և, իմ տեղեկություններով, կանգնեցնում են իրանական բեռնատարեր, ինչ-որ պետտուրք, մաքսատուրք են մուրում և դրանից հետո թողնում են, որ նրանք շարունակեն երթևեկությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Պատգամավորը անհասկանալի է համարում Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունը, որում Որոտանը նշվում է ադրբեջանական տեղանունով․

«Սա ի՞նչ է նշանակում, որ մեզ կամաց-կամաց սովորեցնում են, որ ,այո, դա ադրբեջանական տարա՞ծք է»։

Վահե Հակոբյանի կարծիքով ՝ այսօր ավելի կարևոր խնդիր չկա, քան Սյունիքն է։

«Ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կտրել Կապանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումը կլինի բոլոր խնդիրների լուծումը»,- հավելեց Հակոբյանը։

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունից Իրավաբան․net-ին հայտել են, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել