«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Իրավաբան.net-ը ինքնասպանությունների, այդ արարքի վերաբերյալ եկեղեցու վերաբերմունքի մասին խոսել է Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի հետ։
– Տեր Պետրոս, քրիստոնեությունը խստորեն դատապարտում է ինքնասպանությունը։ Նույնիսկ ավելի ծանր մեղք է համարում, քան ուրիշին սպանելը․ ինչու՞։
– Ինքնասպանության երևույթը մինչև քրիստոնեությունն էլ է եղել, ավելի վաղ ժամանակաշրջաններից է գալիս։ Կան կրոններ, որոնք ընդունում են ինքնասպանությունը։ Օրինակ՝ բուդդիզմը, հինդուիզմը ընդունում են, բայց Հայ առաքելական եկեղեցին և ընդհանրապես, քրիստոնեական եկեղեցին մերժում է ինքնասպանությունը, որովհետև այն կյանքը, որ մենք ունենք, Աստծո պարգևն է․ նա է մեզ տվել, և միայն կարող է Աստված վերցնել ժամանակին։ Ինքն է տնօրինում։ Բնականաբար, ինքնասպանությամբ մենք խառնվում ենք Աստծո գործերի մեջ։
Մխիթար Գոշն իր «Դատաստանագրքում» ունի ինքնասպանության դատապարտման առանձին մի հատված, որտեղ ասվում է՝ այն մարդիկ, որոնք հոգեպես առողջ վիճակում են, նրանց դատաստանն ավելի դաժան է լինելու, քան այն մարդկանցը, որոնք հոգեկան շեղումներ են ունեցել։
Ինքնասպանությունը սոցիալ-տնտեսական նաև անձնական խնդիրների դրսևորում է, որ մարդուն բերում է զրոյական կետի, և մարդը մտածում է, որ դրանից այն կողմ այլևս ոչինչ չկա, և մնում է ինքնասպանություն գործելը։
Դեռ հեթանոսական շրջաններից Հայաստանում էլ է ինքնասպանության ծեսը եղել, նույնիսկ դա դարձրել են արվեստ, քաղաքակիրթ մի բան։ Արտաշես թագավորի թաղման ժամանակ զոհաբերում էին կանանց, հարճերին, սպասավորներին, և ասվում է՝ այնտեղ ամեն ինչ կատարվեց շատ գեղեցիկ և քաղաքակիրթ ձևով։ Հնդկաստանում ևս ընդունված է եղել ինքնասպանությունը։ Այրի կանայք իրենց ինքնահրկիզում էին, որ միանային իրենց ամուսիններին։ Եվ դա շատ նորմալ էր համարվում, նրանց ձեռքը բռնող չէր լինում։
Ինքնասպանության այս դրսևորումները հասան նաև մեր ժամանակներ, կատարելագործվեցին։ Օրինակ՝ Ճապոնիայում մի երևույթ կա, երբ հագնում են սպիտակ կիմանոներ, գնում են հատկապես Բուդդայի տաճարների մոտ, կանաչ խոտի վրա սպիտակ շոր են փռում և ինքնասպանություն են գործում։ Հայաստանում էլ շատ ցավալի իրավիճակ է՝ թվերի իմաստով: Մոտավորապես 400-ից ավելի ինքնասպանություններ են կատարվում մեզ մոտ, 3 անգամ ավել՝ ինքնասպանության փորձեր։ Ցավով պիտի ասեմ, որ այս վերջին տարիներին ինքնասպանություն գործողների թիվը շատացել է։ Ցավով պիտի նշեմ նաև, որ այս պատերազմը ևս իր հետևանքները թողեց։ Ես չեմ հիշում, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, Քառօրյա պատերազմի ժամանակ այսպես մտահոգիչ լիներ ինքնասպանությունների թիվը։
– Եկեղեցու կանոններով՝ (նշված է Քրիստոսի Եկեղեցու տասներկու վարդապետներից Ս. Աթանաս Ալեքսանդրացու անվամբ պահպանված ԺԱ կանոնում) քահանան չի կարող որևէ կարգ կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ ինքնասպանությունը տեղի է ունեցել «պակասամտության», անսթափության, հոգեկան հիվանդության պատճառով։ Միևնույն ժամանակ, ապացուցված է, որ ինքնասպանություն գործող անձինք անխտիր գտնվում են հոգեկան անհավասարակշիռ վիճակում։ Արդյո՞ք այստեղ հակասություն չի առաջանում։
– Գրիգոր Տաթևացին ասում է՝ մարդասպանի և ինքնասպանություն գործողի տարբերությունը ո՞րն է։ Մարդասպանը շանս ունի զղջալու, Աստծո ողորմությանն արժանանալու, ինքնասպանը՝ չունի։ Ինչպես ասացի՝ կյանքն Աստծո պարգևն է, և մեզանից ոչ ոք իրավունք չունի Աստծո արարչագործությանը միջամտելու։ Ինքնասպանությունը 7 մահացու մեղքերից առավել ծանր մեղք է համարվում, որ ներման չի արժանանում։
Հայ առաքելական եկեղեցին և կարծում եմ՝ քրիստոնեական մյուս եկեղեցիները ևս, ինքնասպան եղածներին թաղման կարգ չեն կատարում։ Եթե մենք քրիստոնեության տեսանկյունից ենք նայում, ինքնասպանությունը հավատքի թուլության արդյունք է։ Երբ հավատքը պակաս է, հույսն էլ է պակասում, իսկ երբ մարդու մոտ հավատքն ուժեղ է, նա հույսը չի կորցնում։ Ինքնասպանություն գործողի մոտ էգոիզմ կա, նրանք էգոցենտրիկ են՝ եսակենտրոն։ Ինքնասպանություն գործողը կրկնակի մեղք է գործում․ նախ՝ մտքով է ինքնասպանության տեսարաններ պատկերում և ընտրում այդ տեսարաններից այն մեկը, որն իրեն հարմար է գտնում, երկրորդը մեղքը՝ երբ արդեն իրականացնում է։
– Տեր Պետրոս, ցանկանում եմ հարցս կրկին հնչեցնել՝ հակասության հետ կապված։ Ինչպես նշեցի, եկեղեցին սահմանում է, որ քահանան չի կարող որևէ կարգ մատուցել, սակայն բացառություն են կազմում «պակասամտության», անսթափության, հոգեկան հիվանդության պատճառներով կատարված ինքնասպանությունները։ Մինչդեռ, ապացուցված է, որ ինքնասպանություն գործող անձիք անխտիր գտնվում են հոգեկան անհավասարակշիռ վիճակում։ Այստեղ արդյո՞ք հակասություն չի առաջանում։
– Ոչ, հակասություն չի առաջանում։ Կանոնը հաստատված է՝ ինքանասպանություն գործողին չեն թաղում, հոգևոր ծես չի կատարվում։ Ես Ձեզ մի բան ասեմ, ինքնասպանություն գործողները միայն հոգեկան շեղումներ չունեն, նաև ինտելեկտի, դասակարգի տարբերություն չկա։ Ինքնասպանություն գործում են հարուստը, աղքատը, պետության ղեկավարները, պետական պաշտոնյաները, գիտնականները, արվեստագետները, բժիշկները։ Այստեղ խնդիրը դրված չի, որ միայն անհավասարակշիռ պիտի լինի։ Շատերը նաև գրություն են թողնում ինքնասպանությունից առաջ, բայց շատերն առանց այդ պատճառը թողնելու են ինքնասպան լինում։
Հասարակությունն էլ շատ մեծ մեղք ունի՝ ինքնասպանությունների հետ կապված, որովհետև ցանկացած ինքնասպանություն գործող, մինչև դա գործելը, միշտ իր կողքի ապրողներին հաղորդագրություն է տալիս խոսքով, տրամադրությամբ։ Շատ անգամ մենք ուշադրություն չենք դարձնում և չենք կարողանում կանխել դա։
– Ինքնասպանների վրա Եկեղեցին թաղման կարգ չի կատարում` ինքնասպանի դատաստանը թողնելով Աստծուն։ Այսպես է սահմանում եկեղեցին։ Ըստ Ձեզ՝ այս դեպքում դատաստանը թողնվում է Աստծու՞ն, թե՞ կարգ չկատարելով՝ Եկեղեցին ինքն էլ իր հերթին է դատում այդ մարդուն։
– Մենք իրավունք չունենք դատելու։ Մենք ուղղակի եկեղեցու կարգն ենք իրագործում։ Աստված է դատավորը։
– Խոսենք նաև կռվի դաշտում իր կյանքը զոհած կամ գերի չընկնելու նպատակով՝ իրեն սպանած զինվորի մասին։ Եկեղեցին սա համարու՞մ է ինքնասպանություն։
– Շատ պետություններ իրենց բանակների զինվորների օձիքների վրա թույնի պատիճներ են կարել, որ գերի չընկնեն, քանի որ գերի ընկնելն անպատվաբեր է։ Մենք այսօր ենք գերիներին հերոսացնում, բայց դա միշտ անպատվաբեր բան է եղել։ Եվ նրանք այդ պատիճն ատամներով ծամել են, թույնը խմել ու մահացել են, որ գերի չընկնեն։ Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր հերոս տղաները վերջին նռնակները ձեռքներին և՛ իրենց են սպանել, և՛ սատկացրել են մի քանի թշնամիների։ Հանուն հայրենիքի պաշտպանության համար կատարված այդ քայլը երբեք չի կարող համարվել ինքնասպանություն։
Այս վերջերս շատ են գալիս տղաներ, որ 44-օրյա պատերազմի մասնակիցներ են, ասում են՝ Տեր հայր, մենք մեղք ենք գործել, մարդ ենք սպանել։ Ասում եմ՝ դուք թշնամուն եք սպանել։ Բոլոր ժամանակներում էլ պատերազմներ եղել են, բոլոր ժամանակներում էլ հերոսները սրբացվել են։ Մեր զինվորները կարող են շատ հանգիստ լինել, իրենք մարդասպան չեն, իրենք իրենց հայրենիքն են պաշտպանել, իրենց ծնողներին, իրենց մայրերին, քույրերին, եկեղեցուն։ Մենք նախահարձակ չենք եղել, մեզ վրա հարձակվել են, մենք էլ պաշտպանվել ենք։ Այնպես որ, այստեղ ոչ մի խնդիր չկա։ Եթե ինքնապաշտպանության ժամանակ ինքը զոհվել է, գերի չի ընկել, դա արդարացված է։
– Վերջին շրջանում շատ տարածվել են համացանցային խաղերը, որոնք հիմնականում դեռահասներին դրդում են ինքնասպանությունների։ Այստեղ եկեղեցին ի՞նչ դեր կարող է ունենալ։
– Մենք միշտ էքստրեմալ վիճակներում ամեն ինչ գցում ենք եկեղեցու վրա։ Այստեղ առաջին հերթին դեր պիտի ունենան պետությունը և իր կառույցները՝ ոստիկանություն, դատախազություն, ազգային անվտանգություն։ Իհարկե, եկեղեցին էլ իր դերակատարությունը պիտի ունենա։ Եվ մեր եկեղեցին այդ իմաստով լուրջ աշխատանքներ է կատարում հատկապես երիտասարդության շրջանում։ Իհարկե, այս համացանցային խաղերն ահավոր բաներ են։ Մեզ մոտ շատ են բերում 10 տարեկան, մինչև 14 տարեկան երեխաների, որոնք գիշերները չեն կարողանում քնել, ցնցումներ են ունենում, վախ են ունենում։
Հիմա ինչ նայում ես, մորթում են, թափում, գլուխն են կտրում, այդ երեխաներն ի՞նչ պիտի սովորեն։ Այստեղ նաև ընտանիքը դեր ունի կատարելու։ Մենք չենք կարող ամեն երեկո մտնել բոլորի տուն ու տեսնել, թե երեխան ինչ խաղով է զբաղված։ Ծնողներն իրենց գլուխները ազատելու համար հեռախոսները տալիս են երեխաներին, որոնք էլ առանձնանում են իրենց սենյակներում և սկսում են այդ խաղերով զբաղվել։ Այստեղ եկեղեցին ի՞նչ կարող է անել։
Մենք ունենք կիրակնօրյա դպրոցներ, ունենք երիտասարդաց միություն։ Մենք նրանց հետ աշխատում ենք, չենք զոմբիացնում, որ պիտի գան միայն աղոթեն, մենք հայրենասիրություն ենք սովորեցնում, ինքնության խորհուրդն ենք ներկայացնում, մեր եկեղեցու պատմությունը, իսկ մեր եկեղեցու ու ժողովրդի պատմությունը շաղախված է, առանձին չէ, ինչքան էլ առանձնացնենք՝ անհնար է։
– Ամփոփելով զրույցը՝ խնդրում եմ խոսեք նաև այն մասին, թե եկեղեցու այս մոտեցումը՝ կապված ինքնասպանությունների հետ, ինչ-որ կերպ ազդու՞մ է ինքնասպանությունների թվի կրճատմանը։
– Ինձ թվում է՝ ազդում է, այո։ Ապագա ինքնասպանները, վերջիվերջո, մեր հասարակության մեջ են ապրում։ Լսում են, տեսնում են, շփվում են, իմանում են, որ եկեղեցին չի ընդունում։ Մարդիկ մտածելու կարողություն ունեն, ասում են՝ լավ, այս երկրային կյանքից պրծա, բա երկնային կյանքում ի՞նչ եմ անելու։ Շատ անգամ այս միտքը հետ է պահում։ Ես ուղղակի խորհուրդ կտայի, որ այդպիսի հիմար մտքեր ոչ ոք չունենա՝ առաջին հերթին մտքում։ Նախ՝ այդ կյանքը Աստծո պարգևն է, երկրորդ՝ իրենք պրծան, բայց այս երկրի վրա ապրում են իրենց ծնողները, հարազատները։ Դրա համար եմ ասում՝ նրանք էգոցենտրիկ են, եսակենտրոն են, այդ պահին նրանց եսն է խոսում։ Կամքից թույլ մարդիկ են։ Ամուր կամք ունեցողն ինքնասպանության չի գնա, կպայքարի։