«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 38-րդ հոդվածը սահմանում է հուշարձանների օգտագործման հիմնական նպատակները։
Ըստ օրենքի՝ հուշարձանները գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով, ինչպես նաև իրենց սկզբնական ու հարմարեցված (ադապտացիոն) գործառնական նշանակությամբ:
Հուշարձանների օգտագործումը տնտեսական և այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարությունը, չի նսեմացնում կամ աղճատում դրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեքը:
Հուշարձանի տիրապետումը և օգտագործումը պետք է կատարվի դրա պատմամշակութային արժեքի բացառիկության և հնարավոր կորուստների անդարձելիության գիտակցմամբ:
Բացառապես գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով են օգտագործվում հին և միջնադարյան քաղաքատեղիները, բնակատեղիները, բերդշեները, ամրոցները, դամբարանադաշտերը, գերեզմանոցները, չգործող կամուրջները, ջրամբարները, այն եկեղեցիները, վանական համալիրները և այլ կառույցները, որոնք ենթակա չեն ամբողջական վերականգնման և օգտագործման` իրենց սկզբնական գործառնական նշանակությամբ, ինչպես նաև դրանց հետ առնչվող մոնումենտալ արվեստի ստեղծագործությունները:
Հուշարձանների օգտագործման նպատակը, բնույթը, դրանց փոփոխումները համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:
Հուշարձանն օգտագործողները, եթե իրենց կանխամտածված կամ ոչ կանխամտածված գործողություններով վնասել են հուշարձանի պահպանությանը, կորցնում են օգտագործման իրավունքը։
Նույն օրենքի 39-րդ և 40-րդ հոդվածները սահմանում են հուշարձանների օգտագործման տրամադրելը և հուշարձանների օգտագործման իրավունքի դադարումը։
Հուշարձաններն օգտագործման են տրամադրում դրանց սեփականատերը կամ օգտագործողը` կողմերի միջև օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա, որը նախապես համաձայնեցվում է լիազորված մարմնի հետ: Թույլատրվում է նաև հուշարձանի ենթավարձակալություն, եթե այն նախատեսված է վարձակալական պայմանագրով:
Հուշարձանն օգտագործման է տրամադրվում իր տարածքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հուշարձանն օգտագործող իրավաբանական և ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում դրանց պահպանության ու անվթարության ապահովման համար և պարտավոր են կատարել հուշարձանների պահպանության ու օգտագործման` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:
Այդ պայմանները չկատարելու դեպքում`
ա) հուշարձանն օգտագործման տրամադրողն իրավասու է վաղաժամկետ դադարեցնել վարձակալական պայմանագիրը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) հուշարձանի սեփականատերը, լիազորված մարմինը, պետական կառավարման տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինն իրավասու են դատական կարգով գանգատարկելու օգտագործման իրավունքը և պահանջելու օգտագործողի մեղքով հուշարձանին հասցված վնասի հատուցում:
Օգտագործման իրավունքը կարող է նաև դադարեցվել, եթե 3 տարվա ընթացքում հուշարձանը չի օգտագործվում համապատասխան պայմանագրում նշված նպատակով: