ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը պարզաբանում է․
«Համացանցում քննարկվում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում այսօր անցկացված հարսանեկան միջոցառումը։ Տարածվել է նաեւ շատ վատ որակի մի տեսագրություն` ռաբիս երաժշտությամբ, որն իբրեւ հնչել է միջոցառման ժամանակ։
Տեղեկացնում ենք, որ «Պահպանության» ծառայություն ՊՈԱԿ-ը արգելոց-թանգարանի տարածքում միջոցառում անցկացնելու պայմանագիր կնքել է համապատասխան կազմակերպության հետ։ Այդ մասին ՊՈԱԿ-ը նախապես տեղյակ է պահել լիազոր մարմնին եւ ստացել թույլտվություն։
Ինչ վերաբերում է ռաբիս երաժշտությանն, ապա միջոցառման ընթացքում հնչել են «Գաթա» եւ «Ծիրանի» բենդ խմբերի կատարումները։ Վերոնշյալ ռաբիս երաժշտությունը, հարակից տարածքի որեւէ օբյեկտից հնչող կատարում է եղել։
Առավել մանրամասն պարզաբանմամբ ՊՈԱԿ-ը հանդես կգա առաջիկայում»։
Նշենք, որ Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը օգոստոսի 19-ին հայտնել էր, որ սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի։
«Սեպտեմբերի 4-ին, ժամը 13։00-ից մինչև 22։00-ն, նախանշված միջոցառման պատճառով, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի»,- նշված էր հայտարարության մեջ։
Համացանցում տարածվում են լուսանկարներ ու տեսանյութեր այն մասին, որ Գառնու տաճարի մուտքը փակվել է այսօր, քանի որ հարսանիք է անցկացվել այնտեղ։