Կայացել է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը

Կայացել է ԲԳՎ տրամադրման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր կայացել է ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի 1666-Ն որոշմամբ հաստատված ծրագրով շահառու ճանաչված անձանց բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման հարցերով հանձնաժողովի նիստը։

Հանձնաժողովի անդամները քննարկել են #ԳՎ տրամադրման միջոցով աջակցություն ստացող շահառու 20 ընտանիքի գործը, տրվել են համապատասխան եզրակացություններ։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հետաքրքրվել է Երևանի վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող և ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների բնակարանային ապահովման ընթացքով, ընդգծել է մարզերում ծրագրի իրականացման ժամանակ բնակության վայրում բնակարանի ձեռքբերման կարևորությունը։

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ԲԳՎ-ի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ընթացքը, ըստ որի 03․09․2021 թ․ դրությամբ վկայագիր ստանալու համար միգրացիոն ծառայություն է ներկայացվել 361 դիմում, տրամադրվել է բնակարանների գնման 230 վկայագիր, բնակարանի գնման գործընթացների փուլում է 145 շահառու։

Ծրագրի ընդհանուր արժեքը 5.832.348.000 դրամ է, որից ԲԳՎ-ի համար տրամադրված գումարի չափը կազմում է 3.156.125.000 դրամ։

Ծրագրի հավակնորդ շահառու հանդիսացող և ծանուցված ընտանիքների թիվը կազմում է 453։ Ծրագրի երրորդ փուլով Երևանում լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել