Չի կարելի մարդկանց մոլորեցնել և էժանագին PR-ով զբաղվել․ Վանեցյանը՝ ՊՆ նախարարին

«Զավեշտալի էր, երբ ադրբեջանական տեղանուններ նշելու արդարացումը Փաշինյանի թիմակիցները բացատրում էին, որ Նիկոլ Փաշինյանն այդ անունները նշել է, որպեսզի ընդգծի, որ ադրբեջանական զինուժը չի մտել ՀՀ սուվերեն տարածք: Դրան մեկնաբանություն տալ հնարավոր չի: Որևէ մեկի մտքով կարո՞ղ էր անցնել, որ մի օր Հայաստանի միջպետական սահմանը փակվելու է ադրբեջանցիների կողմից ու որևէ արձագանք մեր իշխանությունների կողմից, բացի խաղաղություն աղերսելը, չի լինելու»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Ես դեմ եմ ռազմական գործողություններին, պատերազմին, ես կողմ եմ խաղաղության օրակարգին, բայց խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ: Խաղաղությունը պետք է լինի ոչ միայն Ադրբեջանի շահերը հաշվի առնելով, այլ նաև Հայաստանի և Արցախի շահերը հաշվի առնելով։

Ես ասում եմ՝ Սյունիք տանող հիմնական ճանապարհը փակ է,ինձ ոչ թե ասում են՝ ի՞նչ պետք է անել, ինչի՞ է այդպես եղել, այլ ասում են՝ դու չես հասկանում, այլընտրանքային գրունտային ճանապարհ կա։ Այսինքն, հիմա մենք սովորենք ՀՀ բոլոր մարզերի, հատկապես Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի , Տավուշի մարզերի բոլոր գրունտային ճանապարհնե՞րը, որ մենք մեր երկրում երթևեկենք:

Ժողովուրդ, ուղղակի պետք է սթափվենք: Էժան PR են անում, ՊՆ նախարարը հրաման է տալիս, թե՝ հրամայել եմ ՀՀ ինքնիշխան տարածք 1 սմ մուտք գործելու պարագայում, ուժ կիրառել ու ոչնչացնել թշնամուն: Հիմա տրամաբանական հարց է առաջ գալիս՝ այդ ե՞րբ էր այդ հրամանը չեղարկվել, որ հիմա էլ նոր հրաման եք տալիս: Զինվորականի գործը սահմանը պաշտպանելն է ու սահմանը խախտողներին ոչնչացնելը: Չի կարելի մարդկանց մոլորեցնել և էժանագին PR-ով զբաղվել»,- ասել է Վանեցյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել