ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է առաջին դասարանցիների համար կրթական տարին սկսել մեկ օր շուտ՝ բացառելու համար դպրոցներում սեպտեմբերի 1-ին սպասվող կուտակումները:
Այս մասին օգոստոսի 26-ին Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանում տեղի ունեցած Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Ողջույնի խոսքում Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը նախ շնորհավորեց բոլորին՝ նոր ուսումնական տարվա առթիվ, կարևորեց օգոստոսյան խորհրդակցությունը հատկապես նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցներում առկա խնդիրները բարձրաձայնելու ու հանրակրթության ոլորտի ձեռքբերումների ու բացթողումների մասին խոսելու համար:
«Սեպտեմբերի 1-ին ընդառաջ պետք է սահմանենք նշաձող, որի ուղղությամբ պետք է աշխատենք: Ամենակարևորը հակահամաճարակային կանոնների պահպանումն է և ուսումնադաստիրակչական գործընթացի նորմալ կազմակերպումը: Շատ աշխատանք ունենք անելու, բայց վստահ եմ, որ կհաղթահարենք բոլոր դժվարությունները»,- բոլորին լավ ուսումնական տարի մաղթելով՝ նշեց Շիրակի մարզպետը: