Պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը․ կառավարության որոշում

Կառավարության որոշումներից մեկով սահմանվել է Հայաստանի Հանրապետությունում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման և կտրոնին ներկայացվող պահանջները, շրջանառության կարգը։

 Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն) հաշվառված, ինչպես նաև նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա մեխանիկական ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների (Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներ չհամարվող տրանսպորտային միջոցները, այսուհետ՝ տրանսպորտային միջոցներ) պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը:

2. Տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունը (այսուհետ` տեխնիկական զննություն) իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լիցենզավորված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի արտադրական բազայում (այսուհետ` տեխնիկական զննության կայան)` տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ:

3. Տեխնիկական զննություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություններ) լիցենզավորումը և լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Տեխնիկական զննությունն իրականացվում է վճարովի հիմունքով` օրենքով սահմանված կարգով հաստատված սակագնով:

II. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

5. Տեխնիկական զննության հիմնական խնդիրներն են`

1) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերի, կանոնների, ստանդարտների և տեխնիկական նորմերի պահանջներին, ինչպես նաև վնասակար նյութերի մթնոլորտ արտանետման տեխնիկական նորմատիվներին տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և կահավորանքի համապատասխանության ապահովումը.

2) շահագործման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների կառուցվածքում ինքնակամ և երթևեկության անվտանգությանն սպառնացող փոփոխությունների կատարման կանխումը.

3) առևանգված, ինչպես նաև հետախուզվող և ոստիկանության կողմից որոնվող տրանսպորտային միջոցների հայտնաբերումը.

4) տեխնիկական զննության անցկացման արդյունքների մասին համապատասխան կառավարման մարմիններում տեղեկատվական բազայի ձևավորումն ու վարումը` նրանց կողմից սահմանվող կարգով:

6. Տեխնիկական զննությունն իրականացվում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից` անկախ տրանսպորտային միջոցների հաշվառման վայրից:

7. Տրանսպորտային միջոցները ենթակա են տեխնիկական զննության` օրենքով սահմանված պարբերականությամբ:

8. Սեփականատերերը կամ սեփականատիրոջ ներկայացուցիչները (այսուհետ` տիրապետող) իրավունք ունեն տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության ներկայացնելու նախորդ տեխնիկական զննության ժամանակ սահմանված ժամկետից շուտ:

9. Հաջորդ տեխնիկական զննության ժամկետը հաշվարկվում է վերջին տեխնիկական զննության անցկացման օրվանից:

III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

10. Տեխնիկական զննության կտրոն ստանալու համար տիրապետողը բանկերին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերի բնօրինակները`

1) տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը (հաշվառման վկայագիրը) կամ տեխնիկական կտրոնը, իսկ նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ` տրանսպորտային միջոցի մաքսային փաստաթղթերը.

2) մեխանիկական տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը կամ պարտքերի չափի վերաբերյալ տեղեկանքը` բանկում համապատասխան վճարում կատարելու նպատակով: Նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա մեխանիկական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ գույքահարկի պարտավորությունների կատարման մասին տեղեկանքը չի ներկայացվում:

11. Սույն կարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերի համապատասխան տվյալների գրանցումից հետո սույն կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթուղթը տիրապետողին չի վերադարձվում:

12. Տեխնիկական զննություն անցկացնելու համար տիրապետողը տեխնիկական զննության կայան է ներկայացնում տրանսպորտային միջոցը և հետևյալ փաստաթղթերը՝

1) տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը (հաշվառման վկայագիրը) կամ տեխնիկական կտրոնը, իսկ նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ` տրանսպորտային միջոցի մաքսային փաստաթղթերը.

2) բանկերի կողմից տիրապետողին տրված կտրոնի 2-րդ հատվածը.

3) հատուկ լուսային և ձայնային ազդանշաններով տրանսպորտային միջոցի կահավորման վերաբերյալ փաստաթղթերը` ճանապարհային ոստիկանությունում համապատասխան գրառմամբ (դրոշմակնիքով), եթե տրանսպորտային միջոցը կահավորված է այդպիսի միջոցներով.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Ն որոշմամբ սահմանված` անվտանգության պահանջներին ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնային սարքավորման համապատասխանության կամ ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված բալոնների վկայագրման և գազավառելիքային սնման համակարգի ճնշափորձարկման մասին վկայականը (համաձայն սույն կարգի NN 2 կամ 3 ձևերի), ինչպես նաև տրանսպորտային միջոցի կառուցվածքում երթևեկության անվտանգության վրա ազդող փոփոխությունների օրինականությունը հավաստող փաստաթղթերը` բացառությամբ նոր ներմուծվողների:

13. Տեխնիկական զննություն անցկացնելու համար տիրապետողը տեխնիկական զննության կայան է ներկայացնում սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի բնօրինակները, իսկ սույն կարգի 12-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը` նաև պատճենների տեսքով: Ներկայացված փաստաթղթերի համապատասխան տվյալների գրանցումից և պատճենների հետ համեմատումից հետո վերադարձվում են տիրապետողին` բացառությամբ սույն կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթի:

14. Բանկերի և տեխնիկական զննության կայանների կողմից չեն ընդունվում մատիտով լրացված կամ ջնջումներ, բացթողումներ, ինչպես նաև հաստատում չունեցող` ուղղումներ պարունակող փաստաթղթերը:

15. Տեխնիկական զննության կտրոն ստանալու համար տիրապետողն սպասարկող բանկերում կատարում է հետևյալ վճարումները`

1) համապատասխան տրանսպորտային միջոցի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված բնապահպանական վճարը, որը բանկի կողմից փոխանցվում է պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին.

2) համապատասխան տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության անցկացման համար նախատեսված ծառայության վճարը, որը բանկի կողմից փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված համապատասխան կուտակային հաշվին.

3) օրենքով սահմանված կարգով նախատեսված պետական տուրքը, որը բանկի կողմից փոխանցվում է պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին.

4) տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտավորության չափի վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու դեպքում` հաշվարկված գույքահարկը, որը բանկի կողմից փոխանցվում է համապատասխան համայնքի բյուջե:

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆԸ

16. Տեխնիկական զննության կայաններում տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ և զննման միջոցով ստուգվում է տրանսպորտային միջոցների համապատասխանությունը շահագործման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց լրացուցիչ սարքավորումների կառուցվածքին ու տեխնիկական վիճակին պահանջներ ներկայացնող` սույն կարգի N 1 ցանկում նշված նորմատիվ իրավական ակտերի, կանոնների, ստանդարտների և տեխնիկական նորմերի պահանջներին (այսուհետ` ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներ):

17. Տեխնիկական զննության կայաններում կատարվում են տրանսպորտային միջոցների` սույն կարգի N 2 ցանկում նշված հանգույցների ու համակարգերի տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքները:

18. Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման համար օգտագործվող տեխնիկական արատորոշման միջոցները պետք է ունենան համապատասխանության սերտիֆիկատ և ապահովեն համապատասխան ստանդարտներով ու տեխնիկական նորմերով սահմանված ճշտությամբ չափումների կատարումը:

19. Տեխնիկական զննության կայաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման ժամանակ օգտագործվող տեխնիկական արատորոշման միջոցների ցանկը և դրանց հիմնական տեխնիկական բնութագրերը ներկայացված են սույն կարգի N 3 ցանկում:

20. Ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներին և մնացած պարամետրերի անհամապատասխանության դեպքում արատորոշման քարտում կատարվում է նշում, և տրանսպորտային միջոցները տնօրինողները զգուշացվում են դրանց անհապաղ վերացման մասին, որի համար վերջիններս ստորագրում են արատորոշման քարտում:

21. Ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները չբավարարած և անսարք համարված տրանսպորտային միջոցի կրկնակի զննությունը տեխնիկական զննությունից հետո 20 օրվա ընթացքում իրականացվելու դեպքում տիրապետողը համապատասխան արատորոշման քարտը ներկայացնում է տեխնիկական զննության կայան, և տեխնիկական վիճակն ստուգվում է միայն այն ցուցանիշների գծով, որոնք հիմք են հանդիսացել նախորդ զննության ժամանակ արձանագրված անհամապատասխանությունների համար:

22. Երբ տեխնիկական զննության ընթացքում տրանսպորտային միջոցի համարակիր ագրեգատների համարների դաջվածքներում կամ հաշվառման փաստաթղթերում հայտնաբերվում են ակնհայտ կեղծիքների փաստեր, ապա տեխնիկական զննության կայանի հսկիչը դրա մասին անհապաղ տեղեկացնում է տեխնիկական զննության կայանի ղեկավարին, իսկ վերջինս էլ հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

V. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

23. Տեխնիկական վիճակի ստուգման արդյունքի հիման վրա համակարգչի միջոցով ձևակերպվում է տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության արատորոշման N 1 ձևի քարտը (այսուհետ`
արատորոշման քարտ):

24. Արատորոշման քարտերի լրացման համակարգչային ծրագրային ապահովումը` քարտում բոլոր տվյալները լրացնելուց և հսկիչի էլեկտրոնային ստորագրությունը դնելուց ու համապատասխան հրահանգով աշխատանքների ավարտը հաստատելուց հետո բացառվում է որևէ անձի կողմից քարտում փոփոխությունների կատարումը:

25. Սույն կարգին համապատասխան կազմված արատորոշման քարտերը չեն կարող հանվել համակարգչի հիշողությունից` մինչև հաջորդ տեխնիկական զննության ավարտը:

26. Արատորոշման քարտը տպվում է նաև թղթային կրիչի վրա` երկու օրինակից: Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի հսկիչի և տրանսպորտային միջոցը տիրապետողի կողմից ստորագրվելուց և հսկիչի կնիքով կնքվելուց հետո արատորոշման քարտի առաջին օրինակը հանձնվում է տրանսպորտային միջոցը տիրապետողին, երկրորդը պահվում է տեխնիկական զննության կայանում, որը համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ և պահպանվում է մինչև հաջորդ տարվա տեխնիկական զննության ժամկետի ավարտը:

27. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց և սույն կարգի 15-րդ կետով սահմանված վճարումներն իրականացնելուց հետո սպասարկող բանկի կողմից լրացվում և տիրապետողին է տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ձևի տեխնիկական զննության կտրոն: Տեխնիկական զննության կտրոնի դիմային մասի քառակուսի վանդակում փակցվում է հաջորդ տեխնիկական զննության անցկացման ամիսը նշող` հռոմեական թվերով նշված հերթական համարը:

28. Տեխնիկական զննության կտրոնը կորցնելու կամ ոչ պիտանի դառնալու դեպքերում տիրապետողի դիմումի համաձայն բանկն ստուգում է տեխնիկական զննության կտրոնի` նախկինում տրամադրված լինելու փաստը: Տեխնիկական զննություն անցնելու փաստը հաստատվելու և սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետում և 14-րդ կետում նշված դրույթների կատարման դեպքում ձևակերպվում և տրվում է տեխնիկական զննության կտրոնի կրկնօրինակ: Այս դեպքում հաջորդ տեխնիկական զննության ներկայացման ժամկետը չի փոխվում: Տեխնիկական զննության կտրոնի «Հատուկ նշումներ» տողում կատարվում է «Կրկնօրինակ» նշումը: Տեխնիկական զննություն անցնելու փաստը չհաստատվելու դեպքում այն կատարվում է սույն կարգի պահանջներին համապատասխան:

VI. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

29. Տեխնիկական զննության արդյունքում տեխնիկական զննության կայանները համակարգչի միջոցով գրանցամատյանում կատարում են տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների հաշվառում:

30. Տրանսպորտային միջոցի արատորոշման քարտում նշված բոլոր տվյալները, կառուցվածքային ու հարմարադասման մեջ կատարված փոփոխությունների մասին լրացուցիչ տեղեկությունները և տրանսպորտային միջոցի ստուգման արձանագրությունները գրանցվում են տեխնիկական զննության կայանի համակարգչում` գրանցամատյանի տեսքով, որի տվյալները տրանսպորտային միջոցի տեխնիկական զննությունից անմիջապես հետո կայանների համակարգչային ցանցի միջոցով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության սերվերին` վերահսկողական աշխատանքներ իրականացնելու, արտակարգ իրավիճակներում բնակչության և տնտեսության տրանսպորտային սպասարկումը պլանավորելու և կազմակերպելու նպատակով, ինչպես նաև կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթին ներկայացված տվյալների փոփոխությունը պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

31. Տեխնիկական զննության կայանների համակարգչային ցանցից կարող է օգտվել ճանապարհային ոստիկանությունը, որն օրենքով սահմանված դեպքերում կարող է ստուգել տեխնիկական զննության ընթացքը` հետախուզման մեջ գտնվող` տրանսպորտային միջոցների, դրանց ագրեգատների հայտնաբերման նպատակով:

32. Տրանսպորտային միջոցների առկայության ու դրանց տեխնիկական վիճակի տվյալների գրանցամատյանի ձևը և դրա վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը:

33. Տեխնիկական զննության կտրոնները համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր և պահպանվում ու օգտագործվում են դրանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

34. Տրանսպորտային միջոցների առկայության ու դրանց տեխնիկական վիճակի տվյալների գրանցամատյանում նշվող տեղեկությունները ծառայողական օգտագործման համար են և հրապարակման ենթակա չեն` բացառությամբ օրենքով ուղղակի նախատեսված դեպքերի:

Մանրամասները՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել