Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մոտ 40 րոպե հետո կլինի օգոստոսի 23-ը… Ուղիղ 28 տարի առաջ՝ այդ օրը, համաձայն ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի թիվ 011 մարտական հրամանի, Կենտրոնական (Ստեփանակերտի) պաշտպանական շրջանը (հրամանատար՝ Սամվել Կարապետյան) խնդիր ստացավ 4 միավոր տանկերի, 3 հետևակի մարտական մեքենայի, հրետանային մարտկոցի և հակատանկային միջոցների օժանդակությամբ, նախ ազատագրել դեռևս հակառակորդի վերահսկողության տակ գտնվող Հադրութի շրջանի տարածքները, ապա շարունակել առաջխաղացումը դեպի Ջաբրայիլ:
Մարտական օպերացիայի ընթացքում Ստեփանակերտի զորամասի գործողություններին ձախ թևից աջակցում էր Հադրութի պաշտպանական շրջանի զինուժի մի մասը, խնդիր ունենալով՝ կանխել հակառակորդի օժանդակ ուժերի մուտքը Հորադիզ ռազմակայանից դեպի հարավային մարտական գործողությունների գոտի: Առաջադրանքը կատարվեց փայլուն կերպով: Օգոստոսի 23-ին հայկական ուժերն անցնելով գրոհի, հաշված ժամերի ընթացքում կոտրեցին հակառակորդի դիմադրությունը և վերահսկողության տակ առան Ջեբրայիլ ռազմակայանը…
…28 տարի առաջ ՄԵՆՔ այդպիսինն էինք՝ նպատակային ու պարտադրող. իսկ այսօ՞ր… ՄԵՆՔ պարտավոր ենք նորից վերագտնել ՄԵԶ…
Հ.Գ.- Եվ, որպես ամփոփում, մի հետգրություն բոլոր նրանց համար, ովքեր, ինքնախաբեությամբ տարված, պատմությունը դիտարկում են 100 տարվա կտրվածքով. Ջաբրայիլ բնակավայրը մինչև 1750 թվականը, Ջրական հայկական անվամբ, մտնում էր պատմական Արցախ նահանգի Դիզակի մելիքության մեջ, որտեղ բնակիչները հայեր էին և ունեին պարսկական հպատակությամբ տեղական հայկական ինքնավարություն…»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։