Անընդհատ կրկնվող սուտը ճշմարիտ չի դառնում. Արտակ Բեգլարյանը պատասխանել է Իլհամ Ալիևին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին: Արտակ Բեգլարյանը, արձագանքելով Իլհամ Ալիևի` թուրքական «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցին, «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում, մասնավորապես, նշել է.

«Անընդհատ կրկնվող սուտը ճշմարիտ չի դառնում: Այժմ Արցախում ապրում է 120 հազար բնակիչ, ոչ թե 25 հազար: Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս, մոռացեք այդ մասին: Մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ պատասխանը Ալիևի այն խոստովանությունը, որ Ադրբեջանն է պատերազմը սանձազերծել»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հերթական իրականությանը չհամապատասխանող հայտարարությունն էր արել, նշելով, թե իբր, իրենց հաշվարկներով, Լեռնային Ղարաբաղում բնակվում է 25 հազար քաղաքացի: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության օգոստոսի 16-ի տարածած հաղորդագրության համաձայն` ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները 2020 թվականի նոյեմբերից սկսած ապահովել են ավելի քան 58 000 ավտոմեքենաների և շուրջ 210 հազար մարդկանց տեղաշարժը:

Ալիևը նաև հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը պետք է ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը, ինչը, ըստ Ադրբեջանի նախագահի, նրանց համար ավելի մեծ հնարավորություններ կստեղծի, բնականաբար, չհիշատակելով, թե ինչու մինչև այժմ հայեր չեն ապրում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Հադրութում, Շուշիում և մյուս այլ շրջաններում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել