«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ, իրավաբան Արմեն Սաքապետոյանն անդրադարձել է հիփոթեքին ուղղված եկամտային հարկի վերադարձի դադարեցման որոշմանը․
«ՀՀ կառավարությունը հապճեպ և թաքուն /առանց հանրային քննարկման, շրջանցելով e-draft համակարգում նախագիծը քննարկման դնելու իրավական պահանջը/ չգիտակցելով իր կողմից ընդունվող որոշման հետագա աղետալի ազդեցությունը ընդունեց մի որոշում, որով առաջարկում է դադարեցնել եկամտային հարկի հետ վերադարձման ծրագիրը։
Մեր գործընկերները այդպես էլ չեն կարողանում հասկանալ թե այս ծրագրի կարևորությունը, թե ընդհանրապես կառուցապատման` որպես տնտեսության շարժիչ ուժ լինելու հանգամանքը։ Ցավով պետք է նշեմ, որ այս որոշման բացասական հետևանքները շատ շուտով կրելու եք յուրաքանչյուրդ, քանի որ այն ուղղակի ազդելու է բյուջետային եկամուտների, աշխատատեղերի կրճատման, աշխատուժի արտագաղթի, տնտեսական ակտիվության, ներդրումների նվազման և բնակարանային պայմանները բարելավելու վրա»։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ օգոստոսի 12-ին, որոշում ընդունեց, ըստ որի հիփոթեքային վարկերի եկամտահարկի գումարների վերադարձը՝ հունվարի 1-ից սկսած, աստիճանաբար էլ չի գործի։
Որոշման նպատակը հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակի հետագա ընդլայնումը զսպելն է, ինչպես նաև քաղաքաշինական ու տնտեսական առումներով հանրապետության տարածքների համաչափ զարգացմանը նպաստելն է:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ Երևան քաղաքի վարչական սահմաններում ըստ գոտիականության և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չէ՝
ա․ 2022 թվականի հուլիսի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի առաջին գոտում,
բ․ 2023 թվականի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երկրորդ գոտում,
գ․ 2023 թվականի հուլիսի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երրորդ գոտում,
դ․ 2025 թվականի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի այլ գոտիներում,
Սահմանվել է նաև, որ առաջարկվող սահմանափակումները կիրառվելու են 2022 թվականի հունվարի 1-ից հետո կայացված որոշումներով ստացված շինարարական թույլտվությունների հիման վրա կառուցվող անհատական բնակելի տների և բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մասով։