«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Հերիքնազ Տիգրանյանին։
Նրա կենսագրությունը ներկայացրեց պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք, որ դեռևս 7-րդ գումարման ԱԺ շրջանակներում այս տարվա հունիսի 29-ին Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստին, քվեարկության 11 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների համամասնությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ էր նշանակվել Հերիքնազ Տիգրանյանը։
Սակայն նա չէր կարող զբաղեցնել Խորհրդի անդամի պաշտոնը, քանի որ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, Խորհրդի անդամ չի կարող նշանակվել կուսակցական պատկանելիություն ունեցող անձ, իսկ Տիգրանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ինչի վերաբերյալ փոքր հետաքննություն հրապարակեցինք։
Այնուհետև հուլիսի 6-ին տեղի ունեցավ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում որոշում ընդունվեց ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հունիսի 29-ի «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին» ԱԺԽՈ-041-Ա որոշումը, ինչի համաձայն Հերիքնազ Տիգրանյանը Խորհրդի անդամ էր նշանակվել։
Որոշումը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշման մեջ ասվում է․
«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը, առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է․
Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հունիսի 29-ի «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին» ԱԺԽՈ-041-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչել»։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով սահմանված են Խորհրդի լիազորությունները, ըստ որի՝ Կանոնակարգի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9.3-րդ կետով նախատեսված դեպքում (Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի կազմում անդամ նշանակելու վերաբերյալ դիմումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Ազգային ժողովի խորհրդին առաջադրելու Մրցութային խորհրդի անդամի թեկնածու) Ազգային ժողովի խմբակցությունները Մրցութային խորհրդի անդամի թեկնածու առաջադրելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, նշանակում են Մրցութային խորհրդի անդամ՝ Ազգային ժողովի խմբակցությունների առաջադրած թեկնածուների կազմից:
Իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով էլ սահմանված է, որ նորմատիվ իրավական ակտը, բացառությամբ Սահմանադրության, ուժը կորցրած է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ:
Պետք է ընդգծել, որ ԱԺ խորհուրդը այստեղ ևս իրավական սխալ էր թույլ տվել, քանի որ որոշումը պետք է ոչ թե ուժը կորցրած ճանաչվեր «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն, այլ այն պետք է անվավեր ճանաչվեր նույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով, ըստ որի.
Նորմատիվ իրավական ակտն անվավեր է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի ակտով, եթե ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ընդունվել կամ գործել է` հակասելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի: