Ես չեմ նշել Տավուշի մարզի ադրբեջանական հողերի մասին միայն․ Ղալումյանը բացատրում է՝ ինչ է նկատի ունեցել

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խորհրդարանական մեծամասնությունը առաջադրել է Վահե Ղալումյանին։

Պատասխանելով պատգամավորների հարցերից մեկին Ղալումյանը ԱԺ-ում հայտարարեց, որ արդեն մի քանի օր է իրեն զսպում է՝ ԱԺ ամբիոնից անկլավների վերաբերյալ իրեն վերագրվող հայտարարություններին չանդրադառնալու համար։

«Այդ հարցի վերաբերյալ հրապարակային քննարկումներ անել հնարավոր չէ։ Ուզում եմ ճշտել․ Դուք իմ ասածը կիսատ եք ասում, որովհետև ես չեմ նշել Տավուշի մարզի ադրբեջանական հողերի մասին միայն։ Ես նշել եմ նաև հայկական հողերի մասին, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»,-ասել է Ղալումյանը ու հավելել՝ ճշմարտության մասին խոսելը երբեք բեռ չի համարել և գտնում է, որ ժողովրդի հետ պետք է անկեղծ լինել։

Ըստ պատգամավորի՝ սահմանին ապրող մարդիկ տեղյակ են այդ խնդիրների մասին ու ցանկություն հայտնեց դրանց առաջացման մասին խոսել։

«90-ական թվականներին, երբ Տավուշի և Ադրբեջանի սահմանագծում ռազմական գործողություններ սկսվեցին, մենք ապրելով հարևան գյուղերում ու քաղաքներում, խորհրդային տարիներին մենք սահմանի մասին պատկերացում չենք ունեցել։ Ռազմական գործողությունների դադարումից հետո այս պահին գոյություն ունեցող սահմանը խորհրդային միության քարտեզների հետ չի համապատասխանում։ Եթե մենք պարզ խոսենք, ապա սրա մասին ենք խոսում։ Ուզում եմ նորից կրկնել՝ ես հող հանձնելու մասին չեմ խոսել, չէի կարող խոսել և չեմ կարող խոսել։ Դա իմ մեջ չկա, էդ պատկերացումը էդ հարցի վերաբերյալ իմ մոտ այդպիսին չէ»,-նշել է Ղալումյանը։

Ըստ պատգամավորի՝ օրակարգում հողեր հանձնելու, փոխանակելու վերաբերյալ հարց գոյություն չունի։

Նշենք, որ Ղալումյանը 2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունվարը եղել է Տավուշի մարզպետը:

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել են, որ Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում տեղակայվել են ռուս սահմանապահներ։

«Շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով»,–ասված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել