Հանրային հեռարձակողի խորհրդի նախկին անդամ Լևոն Գալստյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հանրային հեռարձակողի (նախկին Հանրային հեռուստառադիոընկերության) խորհրդի անդամի պաշտոնից հեռանում եմ ինքնակամ, բայց ոչ առանց պատճառի։
Պատերազմից հետո հրապարակավ միացել եմ գործող իշխանության հրաժարականը պահանջող մտավորականների հայտարարություններին և այժմ էլ վերահաստատում եմ իմ դիրքորոշումը։ Առհասարակ մարդու կատարած ամեն շրջադարձային քայլ իր գինն ունի, և ես հեռանալով վճարում եմ իմ բաժին գինը։ Խորհրդի նախկին գործընկերներիս արդյունավետ աշխատանք եմ մաղթում»։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 11-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Հանրային հեռարձակողի խորհրդի երկու անդամի լիազորությունները կհամարվեն դադարած։
Որոշումներում ասվում է․
«Հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 24-րդ մասի 1-ին կետը`
2021 թվականի սեպտեմբերի 1-ից Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Լևոն Գալստյանի լիազորությունները համարել դադարած»:
«Հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 24-րդ մասի 1-ին կետը՝
2021 թվականի սեպտեմբերի 1-ից Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Մերուժան Տեր-Գուլանյանի լիազորությունները համարել դադարած»: