«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից գործարկվող Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի աշխատակիցների կողմից անցկացված հարցումների և քաղաքացիների դիմում-բողոքների իրավական վերլուծությունների արդյունքում պարզվել էր, որ քաղաքացիներն ունեն դժգոհություններ` կապված ՔԿԱԳ մարմինների տարածքային ծառայությունների աշխատանքների հետ: Խնդիրը, մասնավորապես, կայանում էր նրանում, որ քաղաքացիները տեղեկացված չեն վերջիններիս կողմից իրականացվող գործառույթների կատարման ընթացքում վճարվելիք պետական տուրքերի չափերից, ինչի արդյունքում վարչական մարմինների ղեկավարներն ու աշխատակիցները, չարաշահելով պաշտոնական դիրքը, ստեղծում են բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր:
Առաջացած խնդրի կարգավորման նպատակով Արմավիրի ՇՊԱԿ-ը, համախմբելով հանրապետության մյուս ՇՊԱԿ-ներին, սույն թվականի հունվար ամսին նամակ հղեց Արդարադատության նախարարին` ակնկալելով անմիջական աջակցություն տարածքային ստորաբաժանումներում ստեղծել և թարմացնել հայտարարությունների և տեղեկատվությւոնների անկյուններ, որտեղ հստակ կզետեղվեն պետական տուրքերի չափերն ըստ գործառույթների:
Նախարարի կողմից նկատվեց անմիջական հետաքրքրվածություն, ինչի արդյունքում նամակն ստացավ արագ արձագանք: Մասնավորապես բնակչությանը մատուցվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, իրականացվող գործառույթների թափանցիկությունը և տեղեկատվության մատչելիությունն ապահովելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով նախարարի կողմից հանձնարարվել է`
ՔԿԱԳ բաժիննում` քաղաքացիների համար տեսանելի վայրերում փակցնել.
-«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված քաղաքացիական ակտերի գրանցման և տեղեկանքների տրամադրման համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը
-ՀՀ կառավարության որոշումներով հաստատված քաղաքացիական կացության ակտերի գրառման դիմումների ձևաթղթերի նմուշները,
-ՔԿԱԳ բաժնի աշխատանքի օրերը և ժամերը:
Հանձնարարվել է նաև խստորեն պահպանել քաղաքացիների կողմից պահանջվող փաստաթղթերի տրամադրման և դիմումների քննարկման համար օրենքով նախատեսված ժամկետները:
Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից: