Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է մի շարք ընկերությունների ներկայացուցիչներին ու տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անհատներին, որոնք իրենց աջակցությունն են ցուցաբերել համայնքին:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս քաղաքի գործընկերն ու աջակիցը դառնալու համար:
«Մեր երկիրն ու մայրաքաղաք Երևանը բավականին ծանր փորձությունների միջով անցան և այդ դժվարին ժամանակաշրջանում եղան բազմաթիվ նվիրյալներ, ովքեր կանգնեցին համայնքի կողքին: Առանց ընկերների ու տարբեր բնագավառների պրոֆեսիոնալների չենք կարող անցնել որևէ ճանապարհ: Երևանը ես համարում եմ շնչող էակ, որին, ինչպես և յուրաքանչյու մարդու, միշտ պետք է օգնություն: Ինձ համար մեծ պատիվ է ձեզ նման նվիրյալների հետ ապրել մի քաղաքում»,- նշել է քաղաքապետը:
Երևան համայնքին ցուցաբերած մեթոդական և հետազոտական, կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի, ինչպես նաև քաղաքի կանաչապատման և բարեկարգման գործում ցուցաբերած աջակցության համար Երևանի քաղաքապետը պատվոգրերով և շնորհակալագրերով է պարգևատրել քաղաքապետարանում հյուրընկալված կազմակերպություններին ու անհատներին:
Պարգևատրվողների ցանկը կարող եք գտնել այստեղ»,- ասված է հայտարարության մեջ։