Հուլիսի 30-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է գումարվել։ Նիստի ընթացքում քննարկվելու է նաև «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերը։
Նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է սահմանային իրադրությանն ու շեշտել՝ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Բաղդասարյանի խոսքով՝ Ադրբեջանն ակնհայտ կերպով սրում է իրավիճակը՝ դիմելով սադրիչ գործողությունների:
«Հայաստանը և Հայաստանի իշխանությունները մտադիր են դիմել այնպիսի քայլերի, որոնք կապահովեն տարածաշրջանում անվտանգությունը և խաղաղությունը: Մենք այս առումով վերահաստատում ենք մեր մոտեցումները: Մենք մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք որևէ զիջման ճանապարհ: Սրանով հանդերձ՝ նաև կոչ եմ անում միջազգային բոլոր կառույցներին՝ դիմել հստակ, գործուն քայլերի»,- ասաց Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սադրանքների է դիմում հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին ժամը 03:40-ից հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Հուլիսի 29-ի ժամը 03:00-ի սահմաններում Ադրբեջանը, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել էր սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, հուլիսի 29-ին ժամը 23:00-ից սկսած, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը:
Մանրամասները՝ տեսանյութում։