ԲԴԽ-ն մերժեց ԿԿՀ-ի միջնորդությունը՝ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հուլիսի 26-ին, հրապարակեց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյակ որոշումը։ Միջնորդությունը ներկայացվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, որը նրա եկամուտների հայտարարագրում անճշտություններ էր նկատել:

Այն հրապարակեց ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

«Դռնբաց նիստում քննության առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ԲԴԽ-ին դիմելու մասին մայիսի 12-ի որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը՝ ղեկավարվելով Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով, ԲԴԽ-ն որոշեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ԲԴԽ նախագահ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը մերժել։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է։ Այն ստորագրել են Բեքմեզյանը, Մակյանը, Միքայելյանը, Մխիթարյանը, Չիչոյանը և Քոչարյանը»,-հայտարարեց Ջհանգիրյանը։

Բացի այդ նա որոշման հետ կապված կարճ հաղորդագրություն ներկայացրեց։

«ԲԴԽ-ն կարևորում է խորհրդի նախագահի և անդամների կողմից բարեվարքության ստուգման ընթացքում գույքի և եկամուտների վերաբերյալ պարզաբանում ներկայացնելու անհրաժեշտությունը, քանի որ, ի վերջո, մյուս բոլոր դատավորների բարեվարքության ստուգումն իրականացնելու է Խորհուրդը։

Սակայն, օրենքով նախատեսված համապատասխան ժամկետները խախտված լինելու պատճառով ԲԴԽ-ն գտել է, որ չի կարող Վարդազարյանին պատասխանատվության ենթարկել»,-ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը։

Հիշեցնենք նաև, որ Բարձրագույն դատական խորհուրդը ապրիլի 15-ին թիվ ԲԴԽ-23Ո-34 որոշմամբ կասեցրել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ մինչև նրա նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը («Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մաս»):

Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ Գլխավոր դատախազի կողմից քրեական հետապնդման հարուցում հանդիսացող՝ որպես մեղադրյալ ներգրավվելու որոշման վերաբերյալ դատարանը կայացրել է դատական ակտ, որտեղ նշված է. «Բողոքաբեր Ռուբեն Վարդազարյանի բողոքը բավարարել, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել Ռ. Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումները», և որ «որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան՝ հրապարակման պահից 10-օրյա ժամկետում»:

Հուլիսին 16-ին ԲԴԽ-ից հայտնեցին, որ նշված դատական ակտի հիման վրա, Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ-ին դիմում է ներկայացրել՝ ակնկալելով իր լիազորությունների կասեցման մասին որոշման վերանայում։ Նշվեց նաև, որ Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/0308/11/21 որոշման հասցեատերը Բարձրագույն դատական խորհուրդը չէ, հետևաբար ԲԴԽ-ն չի կարող անդրադառնալ Ռ. Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման վերանայման հարցին՝ մինչև Ռ. Վարդազարյանի լիազորությունների կասեցման հիմք հանդիսացած քրեական վարույթի ավարտը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել