5165 շարժման հայտարարությունը` Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ.
«Ադրբեջանը հայտարարում է Հայաստանի կողմից սահմանի ողջ երկայնքով մեկ «սադրիչ գործողություններ» իրականացնելու մասին: Ադրբեջանի պաշտպանության նախարարը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել և հրամկազմին կարգադրել կանխել «հայկական սադրանքները»: Ադրբեջանի այս գործելակերպը նորություն չէ և վկայում է այն մասին, որ, ճիշտ հակառակը, ինքն է պատրաստվում դիմել նախահարձակ գործողությունների: Ադրբեջանի սադրիչ գործողությունները հետապնդում են հետևյալ նպատակները.
• Ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա և արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ ՀՀ-ի՝ Արցախի հարցում շահագրգիռ կողմ լինելուց հրաժարմամբ, Մինսկի գործընթացի չեղարկմամբ,
• Վերահսկողություն հաստատել ՀՀ-ի այն տարածքների նկատմամբ (Տիգրանաշեն, Ոսկեպար և այլն), որոնք Ադրբեջանը համարում է խորհրդային Ադրբեջանի անկլավները,
Պետք է նկատել, որ այս սրացումը տեղի է ունենում Աֆղանստանում, Սիրիայում, Ղրիմում, Դոնբասում կոնֆլիկտային օջախներում ընթացող սրացումներին զուգահեռ: Այս վտանգավոր զարգացումների համատեքստում, գործող իշխանությունների կողմից հանրությանը դրանց պատրաստելուն ուղղված գործնական քայլեր նկատելի չեն: Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացման ընթացքին և կոչ անում մեր հայրենակիցներին լինել զգոն ու աչալուրջ:
Հարգանքով՝
5165 շարժում»,-նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանցիները կրակ են բացում ՀՀ սահմանի ուղղությամբ։
Այսօր ՊՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել:
«Մասնավորապես, ժամը 18:40-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ ցանկացած նման գործողություն արժանանալու է հայկական կողմի կոշտ արձագանքին: Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,-նշված է ՊՆ հաղորդագրության մեջ: