Լուկաշինի Հ.Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցի հաշվապահ Արմինե Թ․-ին մեղադրանք է առաջադրվել ենթադրյալ գումար յուրացնելու համար։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Ըստ գործի նյութերի՝ 2015 թվականի ընթացքում Արմինե Թ․-ն հափշտակել է 82.999 ՀՀ դրամ, 2016-ին՝ 272.574 ՀՀ դրամ, 2017-ին՝ 59.265 ՀՀ դրամ, իսկ 2018 թվականի ընթացքում 185.320 ՀՀ դրամ:
«Արմինե Թ․-ն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման եղանակով, մեկ միասնական դիտավորությամբ, զգալի չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, 2015թ.-ի հունիս, հուլիս, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին առանց հիմնավոր փաստաթղթերի իր, ինչպես նաև դպրոցի աշխատակիցների հաշվեհամարներին է փոխանցել համապատասխանաբար 35.000, 37.999 և 10.000՝ ընդհանուր 82.999 ՀՀ դրամ գումար և իր մոտ ունենալով նրանց բանկային քարտերը, բանկոմատից այդ գումարները կանխիկացնելով հափշտակել է»,-նշված է մեղադրական եզրակացության մեջ:
Նման սխեմա է գործել մինչև 2018 թվականը։ Արմինե Թ․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Քրեական գործով դռնբաց դատական քննությունը նշանակվել է հուլիսի 9-ին` ժամը 09:40-ին` Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում` դատավոր Վահե Ջիվանյանի նախագահությամբ:
Հաջորդ նիստը կկայան սեպտեմբերի 23-ին։
Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: