Օպերատիվ շտաբի պետը տարակուսելի է համարում ԱՀ Աժ պատգամավորի մեղադրանքը

Հայաստանի Հանրապետության բնակավայրերում ժամանակավոր ապաստանած արցախցիները պետական ֆինանսական աջակցություն ստանում են փոստային և բանկային փոխանցումների միջոցով, իսկ ՀՀ-ում Արցախի կառավարության Օպերատիվ շտաբն աջակցություն է ցուցաբերում ծրագրերից օգտվելու էլեկտրոնային հայտերի լրացման գործում:

Այս մասին, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը՝ տարակուսելի համարելով ԱՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորի կողմից լրատվամիջոցներից մեկում տեղ գտած այն մեղադրանքը, թե իբր Օպերատիվ շտաբը ,«փող լվանալու» միջոց է:

«Նույն պատգամավորը նման անպատասխանատու հայտարարությունից առաջ կարող էր դիմել և համապատասխան տեղեկանք ստանալ Օպերատիվ շտաբի ֆինանսական գործունեության ու ծախսերի վերաբերյալ»-շեշտել է Վիրաբյանը՝ համոզմունք հայտնելով, որ իրականում Օպերատիվ շտաբը տեղահանված արցախցիների համար ընկալվում է որպես օջախ:

«Ինչ վերաբերում է Հայաստանում ապաստանած առաջին դասարանցիներին գրենական պիտույքներով ու պայուսակներով ապահովելու նախաձեռությանը, ապա նշեմ, որ այդ մտահղացումը առաջին հերթին բարոյահոգեբանական աջակցության նշանակություն ունի: Գիտելիքի և Արցախի Հանրապետության օրվան ընդառաջ՝ մեծ գումարներ չպահանջող այդ աջակցությունը պետության ուշադրության հերթական դրսևորում է՝ Հայաստանում ժամանակավորապես բնակվող արցախցիների համար»-նշել է Մ. Վիրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանում ժամանակավորապես բնակվող տեղահանված արցախցիները, չունենալով եկամտի այլ աղբյուր, տարաբնույթ խնդիրներով հաճախ են դիմում աջակցության համար:

Անդրադառնալով ԱՀ Ազգային ժողովի նախագահի հետ ՀՀ կառավարության կողմից հատկացվող ֆինանսական աջակցության՝ 68 և 30 հազարական դրամների հարցի քննարկման անհրաժեշտությանը, Օպերատիվ շտաբի պետը մանրամասնել է, որ տեղեկություններ են շրջանառվում մասնավորապես 68 հազար դրամի չափով պետական ֆինանսական աջակցության դադարեցման մասին, իսկ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ հանդիպմանը կարևորվել և ընդգծվել է տեղահանված արցախցիներին մինչև տարեվերջ այդ աջակցության տրամադրման անհրաժեշտությունը:

«Բացի այդ, ճշգրտում և նախապատրաստում ենք Հայաստանում 284 արցախցի շրջանավարտների ցուցակները, մասնավորապես՝ նրանցից ովքեր են բուհեր ընդունվել, որովհետև չի բացառվում, որ առաջիկայում կդիմեն Արցախում գործող վարձավճարների փոխհատուցման ծրագրից օգտվելու համար,»-ասել է Միքայել Վիրաբյանը, ով, վիրավորական համարելով ՀՀ-ում Արցախի կառավարության Օպերատիվ շտաբի հասցեին ԱՀ ԱԺ պատգամավորի հնչեցրած մեղադրանքը, նշել է, որ մինչ նման մեղադրանք հնչեցնելը կարելի էր ճշտել Օպերատիվ շտաբի գործառույթներն ու քննարկվող այս կամ այն խնդրի կարևորությունը ՀՀ-ում բնակվող տեղահանված արցախցիների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել