Զվարճանքի օբյեկտները հաճախ, հատկապես ժամը 24.00-ից հետո աշխատում են առանց թույլտվության․ Քրեական պատասխանատվություն կսահմանվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագծից, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել առանց տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված թույլտվության գործունեություն իրականացնելը։

Առաջարկվում է սահմանել, որ առանց տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված թույլտվության՝ առևտրի և հանրային սննդի օբյեկտները, զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, խաղատները և բաղնիքները (սաունաները) ժամը 24.00-ից հետո աշխատացնելը,  հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական և (կամ) հեղուկացված նավթային և (կամ) ածխաջրածնային գազերի վաճառք իրականացնելը, քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելը և (կամ) մատուցելը, սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում գործունեություն իրականացնելը՝ մեկ տարվա ընթացքում նույն արարքի համար կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո` պատժելու է տուգանքով` 500-ից մինչև 1 միլիոն դրամի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով։

Հիմնավորման մեջ նշվում է․ «Զվարճանքի օբյեկտները հաճախ, հատկապես ժամը 24.00-ից հետո աշխատում են առանց տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված թույլտվության՝ լրացուցիչ անհարմարություններ ստեղծելով բնակիչների համար, չեն պահպանում համակեցության կանոնները և հասարակական կարգը՝ նպաստելով քրեածին իրավիճակին, մասնավորապես առիթ են դառնում խուլիգանությունների, գողությունների, կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների կատարման համար։

Առանց թույլտվության հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական և (կամ) հեղուկացված նավթային և (կամ) ածխաջրածնային գազերի վաճառքի դեպքում սպառնալիք են ստեղծում բնակչության և շրջակա միջավայրի համար, իսկ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայության դեպքում աշխատում են՝ չապահովելով օրենսդրությամբ ամրագրված քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները, այն պարագայում, երբ նման շինություններն ունենում են բազմաքանակ այցելուներ, ինչը անհրաժեշտ պայմանների բացակայության դեպքում կարող է լրացուցիչ վտանգներ առաջացնել տվյալ անձանց կյանքի և առողջության համար։

Փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելով հնարավոր չի լինում հասնել ցանկալի արդյունքի և դադարեցնել տարբեր անձանց կողմից իրականացվող ապօրինի գործունեությունը կամ վերջիններիս բերել օրինական դաշտ, ուստի նախատեսվում է սույն իրավական նորմով կարգավորել նշված խնդիրները։

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի նվազեցում չի սպասվում»,-նշվում է հիմնավորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել