Կրակոց Քանաքեռի գերեզմանատան մոտ. պատանի է վիրավորվել

Հուլիսի լույս 9-ի գիշերը, ժամը 1.40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդումներ ստացվեցին. հրազենային վիրավորումով նախ «Քանաքեռ-Զեյթուն», որտեղից էլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Զաքարիա Քանաքեռցու փողոցում բնակվող մի պատանի։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը նախ պարզեցին, որ 16-ամյա տղան վնասվածքը ստացել էր Քանաքեռի գերեզմանատան մոտ։ Պատանին իրավապահներին հայտնեց նաև, որ չի ճանաչում իրեն վնասվածք պատճառողին։ Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ, պարզեցին կրակոցն արձակած անձի ինքնությունը՝ մայրաքաղաքի Լեփսիուսի փողոցում բնակվող 29-ամյա երիտասարդ էր։ Բացատրական աշխատանքն արդյունք տվեց։

Կասկածվողը ոչ միայն գնաց Քանաքեռ-Զեյթունի բաժին, այլև ներկայացրեց կարճեցված փողերով ապօրինի հրացանը։ Նա հայտնեց նաև, որ պատահաբար է կրակել։ Տեղեկությունն իրական է, թե՝ ոչ, կպարզվի քննությամբ։ Հրազենը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել