ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է․
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը և Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը կարևորել են երկու կողմերի հետաքրքրվածությունն ընդլայնելու համագործակցության շրջանակները բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում: Կողմերը, մասնավորապես, քննարկել են Հայաստանի և Հունաստանի տեխնոլոգիական ընկերությունների համատեղ հարթակներ ստեղծելու, թվայնացման ոլորտում համապատասխան մասնագետների միջև համագործակցության և փորձի փոխանակման հնարավորություններն ընդլայնելու և մի շարք այլ հարցեր:
ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատարի և ՀՀ-ում Հունաստանի դեսպանի հանդիպման ժամանակ անդրադարձել է եղել նաև Հայաստանի վենչուրային ֆոնդի և հունական վենչուրների հետ փոխգործակցությանը, երկու երկրների միջև համալսարանական հարթակներում տեխնոլոգիական կրթության լավագույն փորձի փոխանակման, համատեղ ծրագրեր իրականացնելու և տեխնոլոգիական պարկերի միջև համագործակցություն հաստատելու հեռանկարներին:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով՝ Հայկ Չոբանյանը հրավիրել է Էվանգելոս Տուրնակիսին մասնակցելու «Դիջիթեք Էքսպո», «ԱրմՀայԹեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսներին, ինչպես նաև առաջարկել է համատեղ այց իրականացնել «Ինժեներական քաղաք»:
Հանդիպման ներկա է եղել նաև Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնտիսը»: