ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել են ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խարդախության դեպքեր։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից;
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայիսի 26-ին ճանապարհային ոստիկանության ծառայողը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում, շահադիտական, անձնական, այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հայտնաբերված վարչական իրավախախտումներն արձանագրելու փոխարեն թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, իբր ընդառաջ գնալով վարորդների խնդրանքին, առավել նվազ տուգանք նախատեսող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու կամ մի քանի խախտումներից միայն մեկն արձանագրելու, ինչպես և խախտումներն արձանագրելու կեղծ պատրանք ստեղծելու նպատակով թերի լրացված կամ առհասարակ չլրացված արձանագրության և որոշման ձևաթղթերը ներկայացրել է վարորդների ստորագրմանը։ Այնուհետև, վարչական տուգանքները տեղում գանձելու կեղծ պատրվակով, ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդներից ստացել է տարբեր չափերի գումարներ։
Ներքին անվտանգության վարչությունում նշանակված ծառայողական քննության նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։