Սերժ Սարգսյանը չի ընդունել մեղադրանքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստում գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը հրապարակել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Մեղադրական եզրակացությունը հրապարակելուց հետո Սերժ Սարգսյանը դատարանում ասել է․ «Ես լսեցի մեղադրողի ընթերցածը։ Մեղադրանքն ամբողջովին կեղծ է, այն հաստատվել է դատախազության կողմից քաղաքական պատվերի շրջանակում։ Նա նաև հավելել է․ «Ես մեղավոր չեմ»։

Իրավաբան․net-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը ասաց․

«Ես բոլորին ցույց տվեցի, ապացույցներ ներկայացրի, որ Սերգո Կարապետյանը այցելություն է կատարել ՀՔԾ, այցելությունը չի արձանագրվել, դրանից առաջ, նախ՝ հարցաքննված է եղել և արդարացման ցուցմունքներ է տվել։ Այդ այցելությունից հետո, որը չի արձանագրվել, բայց մենք փաստերով ցույց տվեցինք, որ այցելություն է եղել, սկսել է ցուցմունքներ տալ։ Մենք հիմնավորել ենք, որ անձի նկատմամբ կարող է եղած լինել ենթադրյալ հարկադրանք, որ դրա համար այդ մարդը ցուցմունքները փոխել է և սկսել է տրամագծորեն հակառակ ցուցմունքներ տալ»,- նշեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Հավելենք նաև, որ գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը (2021 թվականի փետրվարի 18-ին) և Սամվել Գալստյանը (2021 թվականի հունվարի 10-ին) մահացել են կորոնավիրուսի հետևանքով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել