32-ամյա կինն իր 10-ամյա դստերը դրդել է գողության. ոստիկանություն

Հունիսի 27-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր տվել մի հանրախանութի փոխտնօրեն: Ըստ նրա` ժամեր առաջ հանրախանութի դրամարկղից գողացել էին մոտ 400 հազար դրամ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ, ուսումնասիրվեց տարածքը, առաջ քաշվեցին վարկածներ: Բաժնի ծառայողները հաղորդումից 45 րոպե անց, գողություն կատարելու կասկածանքով, բաժին հրավիրեցին Արթիկի 32-ամյա մի բնակչուհու: Նա խոստովանեց ու պատմեց հետևյալը: Հանրախանութում նկատելով, որ դրամարկղի դարակը բաց է, իր 10-ամյա դստերն ուղղորդել էր գողության: Բացատրելով, թե ինչ պետք է անի, ինքը խանութից դուրս էր եկել ու սպասել, աղջնակն էլ այդ ընթացքում դրամարկղից թռցրել էր մոտ 70 հազար դրամ ու միացել մորը:

Մայրը ներկայացրել է գումարի մի մասը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գումարի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ: Հանրախանութի աշխատակիցներն էլ պետք է պարզեն, թե 70 հազարի գողությունից հետո դրամարկղի պակասորդը ինչպես կազմեց մոտ 400 հազար դրամ: Այս խրթին հարցը, ինչպես և դեպքի մյուս հանգամանքները քննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել