Արտադրական կանեփի արտադրությամբ զբաղվողների համար ի՞նչ տուգանքներ կկիրառվեն օրինախախտումների դեպքում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն Ազգային ժողովի հունիսի 30-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նրա խոսքով` առաջարկվող փոփոխությունները ««Թմրանյութերի եւ հոգեներգործուն նյութերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական կարգավորումների փաթեթի տրամաբանական շարունակությունն են, եւ, ըստ էության,  արտադրական կանեփի արտադրության ճանապարհային քարտեզի անբաժանելի քայլերից մեկը, որը կհանդիսանա զսպող մեխանիզմ հետագայում ոլորտում անբարեխիղճ տնտեսվարողների համար:

Տիգրան Գաբրիելյանն անդարդաձավ արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առեւտրով զբաղվելու լիցենզավորման պահանջներին, օրինական շրջանառության վերաբերյալ սահմանված նորմերը խախտելու դեպքերում սահմանված տուգանքներին:

Նախագծով սահմանվում են մի շարք դրույթներ: Արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առեւտրով զբաղվելու լիցենզիա ունեցող անձի կողմից լիցենզավորման պահանջների խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչեւ տասհազարապատիկի չափով: Իսկ արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից իր արտադրանքն արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի լիցենզիա չունեցող անձի փոխանցելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով:

Արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առեւտրով զբաղվող անձի կողմից քվոտայով նախատեսված սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 25 միլիոն դրամի չափով: Արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրի պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 15 միլիոն դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել