«Հայաստան» դաշինքը դարձել է արմատական ընդդիմություն․ Ռոբերտ Քոչարյան

«Մենք դարձել ենք խորհրդարանական ընդդիմություն և ունենք մեր նպատակների մի մասն իրականացնելու բավարար ուժ»,- «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:

««Հայաստան» դաշինքը դարձել է ինստիտուցիոնալ արմատական ընդդիմություն և օգտագործելու է բոլոր հնարավորությունները, որը տալիս է  ՀՀ օրենսդրությունը։

Եվ ավելին՝ մենք վերադարձնելու ենք ժողովրդի հավատը՝ դեպի խորհրդարանական ընդդիմություն։ Որովհետև վերջին տարիների ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը գործարքների է գնացել իշխանության հետ: Այսօր այդ հավատը պետք է վերականգնել ընդդիմության նկատմամբ ու որպես ռադիկալ ընդդիմություն՝ դա անելու ենք օր ու գիշեր աշխատելով»,- ասաց Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաև այն մասին, թե ինչով էին տարբերվում այս ընտրությունները։

«Յուրահատկություններն են՝ իշխանությունը գնացել է ընտրություններին՝ չկատարելով ոչ մի խոստում։ Այդ նույն իշխանությունը պարտվել է պատերազմը, որի ընթացքում մենք ունեցել ենք հազարավոր զոհեր, կրկնակի ավել վիրավորներ, և առողջ հասարակությունը այդպիսի արդյունքների համար չպետք է քվեարկեր իշխանությանը՝ վերընտրվելու համար։ Ուղղակի տրամաբանական չէ, եթե խոսքը գնում է առողջ հասարակության մասին։

Հաջորդ յուրահատկությունը՝ իշխանությունը չէր խոսում ընդհանրապես ապագա ծրագրերի մասին։ Անգամ խոսք չկար ժողովրդավարության մասին։ Սա այն թեման էր, որը եղել էր 2018 թվականի հիմնական թեմաներից մեկը։ Կարգախոսը եղել է «Ապագա կա», բայց ելույթներում ապագայի մասին ոչինչ չկար։ Սա փաստ է, որը պետք է այսօր արձանագրել։

Մյուս առանձնահատկությունը՝ իշխող քաղաքական թիմի հանդիպումներն անգամ մոտ չէին, շատ-շատ հեռու էին այն էներգետիկայից, որը եղել է 2018 թվականին։ Բազմաշատ չէին, չէին հավաքում մեծ բազմություն։ Եվ մեր ամենից թույլ հանրահավաքն ավելի ուժեղ էր, քան իրենց ամենից ուժեղ հանրահավաքը։ Սա ևս փաստ է։

Եվ վերջապես, ամենից կարևոր տարբերությունը՝ 2018 թվականին մարդիկ քվեարկում էին մեծ հույսով՝ ապագայի նկատմամբ, որ կինեն փոփոխություններ, որ երկիրը վերելք է ապրում, և այդ վերելքի շահառուները լինելու են հենց իրենք՝ ՀՀ քաղաքացիները։ Այս ընտրությունները ճիշտ հակառակ պատկերն էին։ Այս ընտրությունների ժամանակ չկար հույս, հավատ դեպի ապագա։ Եվ բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ մենք ունենք դեպրեսիվ հասարակություն։ Եվ «Հայաստան» դաշինքն էր փորձում հաղորդել մեր քաղաքացիներին այդ հույսը և այդ ապագան։ Մենք այդ առաքելությունը ստաձնել էինք մեր վրա: Սա ևս փաստ է»։

Նշենք, որ նույն ժողովի ժամանակ Քոչարյանն ասել էր նաև․

«Պետք է խոստովանեմ, որ արդյունքներն անսպասելի էին մեզ համար, մեր կանխատեսումները եղել եմ մի քիչ այլ, քանի որ բոլոր հարցումներն այլ պատկեր էին նկարագրում։

Հիմա հարց է առաջանում, թե ինչու կա էական տարբերություն սպասելիք արդյունքների և մեր տեսածի միջև։ Հնարավոր երկու տարբերակ կա։ Առաջին՝ մարդիկ իրենց մտածածն ուղղակի չեն ասում, թաքցնում են, ինչը ևս վատ է պետության համար և նշանակում է, որ երկրում մթնոլորտն այնպիսին չի, որ քաղաքացին ազատ արտահայտի իր կարծիքը։

Եվ երկրորդը՝ ընտրությունների ժամանակ աշխատել է կեղծիքների մի այնպիսի մեքենա, որը բավական մեծ կեղծիքների ծավալ է ապահովել։ Ես չեմ ուզում մտնել կեղծիքների հարցի մեջ, բայց մեր գնահատականներով՝ մոտ 200 հազար ձայներ կասկածելի են։

Հիմա դիմելու ենք ՍԴ, տեսնենք, թե ինչպիսի զարգացումներ կունենանք այնտեղ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել