Արմեն Չարչյանը վիրահատվել է

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Չարչյանը երեկ` հունիսի 28-ին, վիրահատվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Արամ Վարդևանյանը:

«Վիրահատական միջամտություն է տեղի ունեցել սրտի վիճակի, ստենդերի ուսումնասիրման նպատակով: Վիրահատությունն արվել է անեսթեզիայի միջոցով»,- նշեց Վարդևանյանը։

Վարդևանյանի խոսքով՝ այս ամենը հաջորդել է հունիսի 23-ի կալանավորման որոշմանը։

«Ես հույս ունեմ, որ որոշակի սահմաններ կան, որոնք իրավապահները չեն անցնի։ Դատական այս գործով այն աստիճանի ակնհայտ խնդիրներ կան, որ քրեական հետապնդումն անխուսափելիորեն դադարեցվելու է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանին կալանավորելու մասին։

Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։

Քվեարկությունից օրեր առաջ «Անկախ դիտորդ» դաշինքն էր տարածել հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահներոը որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։

Չարչյանին մեղսագրվող հոդվածում նաև նշվում է որևէ մեկի օգտին դեմ քվեարկելուն հարկադրելու մասին։

Ցուցմունք տալուց հրաժարվող պրոֆեսորը դատարանի բակում պնդեց՝ իր արարքը հանցագործություն չէ, ինքն իր աշխատակիցներին չի հարկադրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել