Բաց նամակ՝ ՀՔԾ պետին

ՀՔԾ-ի դիմաց ի աջակցություն բժիշկ Արմեն Չարչյանի բողոքի ակցիա իրականացնող սպիտակ խալաթով բժիշկները բաց նամակ հանձնեցին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին:

Բժիշկներից Սամվել Սահակյանն ընթերցեց բաց նամակը, որում նշվում է․

«ՀՔԾ պետ պարոն Սասուն Խաչատրյանին,

Հարգելի պարոն Խաչատրյան, ձեզ են դիմում Հայաստանի բժշկական հանրության մի շարք ներկայացուցիչներ, որոնց թիվն ամեն օր ավելանում է: Երեկվանից պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակն ավելի է վատացել, որը չի կարող ազդեցություն չունենալ մեր Հայաստանի բժշկական հանրության վրա: Մենք մեր վերջին ճիգերն ենք գործադրում շարունակելու կատարել մեր նվիրական գործը սրտով, սիրով ու հոգով բուժել հիվանդին, կռիվ տալ հիվանդության դեմ ի շահ ժողովրդի: Բայց մեր ուժերը լքում են մեզ: Հիվանդության դեմ պատերազմում մենք չենք ուզում պարտվել, մենք չենք կարող պարտվել:

Պարոն Խաչատրյան, խնդրում, հորդորում, պահանջում ենք արեք ամեն ինչ, որ պրոֆեսոր Չարչյանը լինի ազատության մեջ, որ հիվանդության դեմ պատերազմում հաղթողը լինենք մենք: Մեծահոգությունը հզորացնում է մարդուն, եղեք հզոր, արեք ամեն ինչ, որ պրոֆեսոր Չարչյանը լինի մեր կողքին, ազատության մեջ բուժի հիվանդին, մենք էլ սրտով ու հոգով բուժենք մեր հիվանդներին: Մենք հավատում ենք ժողովրդավարությանը, հավատում ենք արդար արդարադատությանը, մարդասիրությանը, որ ցույց եք տալու ձեր մեծահոգությունն ու հզորությունը:

Պրոֆեսոր Արմեն Չարչյանը չի խոչընդոտի գործի քննությանը, երաշխավորում ենք: Չի խուսափի վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց, երաշխավորում ենք:

Մեզ զանգահրում եւ իրենց զորակցությունն են հայտնում արտերկրի անվանի բժիշկ ակադեմիկոսները: Պատասխանում ենք, որ մեր հանրապետությունը ժողովրդավարական է, մարդասիրական, փոքրագությունը տեղ չունի մեր հայրենիքում: Այստեղ իշխում է մեծահոգությունը, այստեղ արդարադատությունն արդար է:

Մեզ են դիմում պրոֆեսորի բուժած հիվանդները, Արցախյան պատերազմներում վիրավորված եւ պրոֆեսորի նշտարով ամոքված հերոսները իրենց աջակցությունն են հայտնում: Պատասխանում ենք, որ մեր հանրապետությունը ժողովրդավար է, մարդասիրական, փոքրագությունը տեղ չունի մեր հայրենիքում: Այստեղ իշխում է մեծահոգությունը, այստեղ արդարադատությունն արդար է:

Պարոն Խաչատրյան, արեք այնպես, որ խաբված չլինենք մեր խոստումներում: Մեծահոգությունը հարստացնում է մարդու հոգու պատմությունը, արեք այնպես, որ պրոֆեսոր Չարչյանը լինի ազատության մեջ, օգնեք մեզ, որ հիվանդության դեմ մեր ամենօրյա պատերազմում հաղթող լինենք, նպաստեք պրոֆեսորի ազատության մեջ լինելուն»,-նշված է նամակում:

Ինչպես արդեն հայտնել ենք, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել։

Նա մեղադրվում է ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ համացանցում տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար, այն է` ծառայողական կախվածությունն օգտագործելով ընտրություններին մասնակցելուն և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը՝ Չարչյանին կալանավորելու մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել