Փաշինյանի համերաշխության ձեռք մեկնելու կոչերը քսանչորս ժամվա կյանք ունեին։ Այսօր դատարանը բավարարեց պրոֆեսոր Չարչյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Կալանքը, որպես խափանման միջոց ընտրվեց մի մարդու նկատմամբ, ով Արցախյան առաջին պատերազմի տարիներին, 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում և մինչ այսօր աշխատել, վիրահատել ու փրկել է մեր վիրավոր զինվորներին, ով կազմակերպել և համակարգել է բժշկական բրիգադների անխափան աշխատանքը Արցախի և Հայաստանի հոսպիտալներում:
Ընդ որում կալանքը որպես խափանման միջոց է ընտվել մի անհեթեթ մեղադրանքով, որի հերքումը հենց մեղադրանքի հիմքում դրված ձայնագրությամբ է հաստատվում։
Առավել, քան զավեշտալի է առաջադրված մեղադրանքը այսօր ամբողջ օրվա ընթացքում հայտնաբերված ընտրակեղծիքների ֆոնին, ամբողջ քարոզարշավի ընթացքում Փաշինյանի մուրճը ձեռքին արված բռնության կոչերի ֆոնին, քարոզարշավի վերջին, լռության օրը Նիկոլի արած նույնաբովանդակ հայտարարության ֆոնին։
Ուզում եմ անհիմն կալանքի վերաբերյալ մտահոգությունս հայտնել ոչ միայն որպես «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկածու, այլև որպես «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ով արդեն երեք տարի է, ինչ բարձրաձայնում է իշխանությունների կողմից կիրառվող ռեպրեսիաների խնդիրը, և շատ լավ տեսնում է, թե ուր են տանում այսօրվա կալանքի թելերը։
Ուզում եմ դիմել դաշինքի իմ գործընկերներին, քաղաքական գործիչներին. մենք չենք կարող լուռ հետևել հերթական ապօրինություններին։ Եթե մենք այսօր համարժեք չարձագանքենք տեղի ունեցող անօրինականություններին՝ բողոքի ակցիաներից սկսած ընդհուպ մինչև սահմանադրական ճգնաժամի ստեղծում, վաղը այդ ռեպրեսիվ մեթոդները սպառնալու են ԱԺ ընդդիմադիր ֆրակցիաների առաջին համարներից սկսած բոլորին։
Կամ այսօր մենք կտանք համարժեք պատասխան, կամ վաղը ունակ չենք լինի դիմագրավել իշխանության ռեպրեսիվ մեքենային։ Իսկ թե այդ մեքենան որքան անխափան կարող է աշխատել, երեք տարվա ընթացքում համոզվելու բազմաթիվ առիթներ ունեցել ենք։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ