Պոլիտեխնիկի Ավագ Դպրոցի աշակերտները միջազգային բաց օլիմպիադայում արժանացել են ոսկե և բրոնզե մեդալների

Մայիսի 1-ից մինչև հունիսի 10-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լանդաուի անվան ֆիզիկայի և հետազոտությունների ֆիզիկատեխնիկական դպրոցի գավաթի միջազգային բաց օլիմպիադան։ Օլիմպիադային մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի հանրապետությունների, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ երկրների կրթական հաստատությունների աշակերտների և ուսանողներ։ Covid-19 համավարակի պատճառով, օլիմպիադան անցկացվել է հեռավար եղանակով։ Ըստ օլիմպիադայի կանոնների յուրաքանչյուր խնդրի լուծման համար հատկացվում էր 1 շաբաթ։

Ուրախությամբ նշում ենք, որ Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի սաները իրենց մասնակցությունն ունեցան այս օլիմպիադային, նվաճելով 2 մեդալ՝ ոսկե և բրոնզե։ Ավագ դպրոցի նախաավարտական դասարանի աշակերտներից Արտաշես Մկրտչյանն արժանացել է ոսկե մեդալի, իսկ նրա համադասարանցի Արմեն Եպիսկոպոսյանը՝ բրոնզե մեդալի։ Տղաների բնորոշմամբ, օլիմպիադան կազմակերպված էր հետաքրքիր, միաժամանակ արտառոց ձևաչափով, սակայն արդյունքները սպասելի էին, քանզի դպրոցում ստացած գիտելիքները և ուսուցիչների հետ ամենօրյա աշխատանքը, թույլ է տալիս գրանցել բարձր ցուցանիշներ։

Ի դեպ՝ մեր աշակերտների ձեռքբերումներում իր նշանակալի դերն ունի նաև Ավագ դպրոցի տնօրեն, ֆիզիկայի ուսուցիչ Ալբերտ Պետրոսյանը, ով իր խորհուրդներով օգնում է պոլիտեխնիկցիներին միջազգային օլիմպիադաներում և մրցույթներում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել