Դատախազությունը՝ Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու դեպքի մասին

Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դրա հիման վրա անմիջապես հարուցել քրեական գործ։

Հարուցումից հետո քրեական գործն անհապաղ պահանջվելու է՝ քննչական ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար»,-հայտնել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայաստան» դաշինքից հայտնել են,որ Լոռվա մարզպետարանում պահանջ է դրվել նաեւ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի առջեւ, եւ երբ նա հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, հենց մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել։

««Հայաստան» դաշինքն արձանագրում է երկրում սկսված քաղաքական բռնաճնշումների մասին։ Ընդամենը երեկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսում էր համերաշխության ձեռք մեկնելու մասին, մինչդեռ այսօր արդեն բազմաթիվ ահազանգեր ենք ստացել բոլոր այն համայնքներից, ուր խորհրդարանական արտահերթ ընտրություններում համայնքների ղեկավարները «Հայաստան» դաշինքի համախոհները կամ թիմակիցներն են եղել։ Այդ բոլոր համայնքներում համայնքապետերին սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ։ Ժամեր առաջ Լոռվա մարզպետարանում նման պահանջ է դրվել նաեւ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի առջեւ, եւ երբ նա հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, հենց մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել։

«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է կատարվածը եւ ձեռնարկելու է բոլոր միջոցները այս հաշվեհարդարն իրականացրածներին օրենքի ողջ խստությամբ պատժելու համար։ Իսկ եթե իշխանությունները չդադարեն այս գործելակերպը, ապա սկիզբ կդնեն նոր քաղաքական ճգնաժամի»,- նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել