Արայիկ Հարությունյանը՝ հրաժարականի և իր պատասխանատվության մասին

«Պետությունը պատրաստ է արժանապատվորեն ու պատշաճորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները։ Եթե դրանց եզրահանգումը դրական լինի, ապա օր առաջ կատարելու եմ իմ հայտնի խոստումը։ Հիմարություն կլինի կարծել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից, որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ շարունակել պաշտոնավարումս, թե կառչած եմ աթոռից․ ամենևին ո՛չ»․,-այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նշել է, որ իրեն պատասխանատու է զգում ժողովրդի ու հաջորդ սերունդների առջև․ «․․․այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական և անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը, որ հանկարծ իմ ժողովուրդը, ներառյալ՝ հրաժարականս պահանջող անձինք, չմնան պետականության փլատակների տակ: Ես փախչող տեսակ չեմ և մեր նահատակների ու պայծառ գալիք սերունդների առջև պարտական եմ զգում ալեկոծված ծովում նավը չթողնել առանց նավապետի»,-հայտարարել է նա։

Հարությունյանի խոսքով՝ 44-օրում 38 այց է կատարել առաջնագծի ամենածանր կետեր․ «Քարվաճառից, Եղնիկներից մինչև Ջաբրայիլ, առաջնագծի բոլոր ուղղություններում, ամեն տեղում եղել եմ: Ես խոնարհվում եմ մեր տեղահանված, զոհված և բոլոր հայրենակիցների առաջ, որովհետև շատ խնդիրներ կան, դրանք կլուծենք ընթացքում: Երեկ տեղի է ունեցել հավաք իմ հրաժարականի պահանջով, այսօր էլ այդ հավաքը կազմակերպվում է: Անկախ հավաքի մասնակիցների քանակից, կազմից, քաղաքական հայացքներից ու դրդապատճառներից՝ նրանք մեր քույրերն ու եղբայրներն են, բոլորը ԱՀ քաղաքացիներն են, և ես հավասարապես պատասխանատու եմ բոլորի համար ու բոլորի առջև»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել