Կանչեցին, Սասուն Խաչատրյանի հորը վիրահատեցի, իսկ այսօրվա վիրահատությունը հետաձգել եմ՝ վախեցա, որ այս հոգեվիճակով սխալ թույլ կտամ․ Արմեն Չարչյան

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանն այսօր՝ հունիսի 22-ին, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բակում Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հոր վիրահատության հետ կապված մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես է ինքը օգնության հասել։

«Ես, որ արձակուրդ եմ վերցնում, դա չի նշանակում, որ բարոյական իրավունք ունեմ մասնագիտական արձակուրդի մեջ գտնվել։ Եթե ես դուրս չեմ հանրապետությունից, իմացեք, որտեղ էլ ուզում է լինեմ, ինձ գտնում են, բերում են, եսայդ բուժօգնությունը ցույց եմ տալիս։ Այդպես եղավ իմ կողմից շատ հարգված Մհեր Խաչատրյանի՝ պարոն Սասուն Խաչատրյանի հոր հետ, երբ ես արձակուրդում էի, գտնվում էի Դիլիջանում, 9 ամիս առաջ, սեպտեմբերի վեցնին, ինձ զանգեցին, ասացին էսպիսի դեպք կա, ես հաճույքով թողեցի իմ ընտանիքը, եկա, ծանոթացա, պատրաստեցինք ամեն ինչ, մյուս օրը վիրահատեցի անձամբ ինքս, ամեն ինչ շատ լավ էր, հետ վերադարձա», – պատմեց պրոֆեսոր Արմեն Չարչյանը։

Նա նշեց, որ այսօրվա համար էլ մեկ այլ հիվանդի հետ պայմանավորվածություն ուներ, ով ցանկանում էր երկար չտևի իր տառապանքները, որ ինքը մասնակցի իր վիրահատությանը։ «Բայց իմ հոգեվիճակը թույլ չտվեց՝ ես գնամ վիրահատության, ես հետաձգեցի այդ վիրահատությունը, որովհետև ես վախեցա, որ այս հոգեվիճակով կարող է որոշակի սխալ թույլ կտամ, կամ բարդություն անեմ, դրա համար չարեցի։ Սա փաստում է նա, որ այս քաղաքական տեռորն ուղղակի ազդում է ՀՀ քաղաքացու առողջության վրա», – ասաց Արմեն Չարչյանը։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունից հայտնել են․ 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի կողմից, բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով, նրանց պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն, իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկելու և ընտրություններին մասնակցող կոնկրետ կուսակցության օգտին չքվեարկելուն պարտադրելու դեպքի առթիվ 2021 թվականի հունիսի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու կասկածանքով բժշկական կենտրոնի ղեկավարը նույն օրը ձերբակալվել էր:

Նկատի ունենալով, որ վերջինս հանդիսանում է պատգամավորության թեկնածու՝ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով էին ներկայացվել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու  միջնորդություններ:

Հունիսի 21-ին ՀՀ ԿԸՀ-ն հրավիրած նիստի արդյունքում դատախազի 2 միջնորդությունն էլ բավարարել է:

Դրանց վերաբերյալ ՀՀ ԿԸՀ որոշումները դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին՝ անհրաժեշտ դատավարական գործողություններ իրականացնելու համար։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել