Գառնիկ Իսագուլյանը զրպարտել էր, թե ես Թբիլիսիում ԱՄն դեսպանությունից 48 միլիոն ԱՄՆ դոլար եմ բերել Հայաստան. Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Փնտրվում է Գառնիկ Իսագուլյանը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր Մուրադ Հովակիմյան/ փնտրում է Գառնիկ Իսագուլյանին։ Չեմ հեգնում և հայտարարությունը լուրջ է։ Դեռևս այս տարվա հունվարին իմ կողմից հայց էր ներկայացվել Գառնիկ Իսագուլյանի դեմ՝ զրպարտության հերքման ու փոխհատուցման պահանջով։ Հայտնի երևույթը հրապարակավ զրպարտել էր, թե ես Թբիլիսիում ԱՄն դեսպանությունից 48 միլիոն ԱՄՆ դոլար եմ բերել Հայաստան։ Այս զրպարտության մեջ հիշատակված Լիլիթ Մակունցը նույնպես հայց է ներկայացրել դատարան։

Մեր դատարանները չեն գտնում Իսագուլյանին․․․ Հանցադիմումի պատճենը և ծանուցումները ուղարկում են իր հայտնի հասցեով, ետ են գալիս որպես «չպահանջված»՝ ինչը իմ ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը և իրավախորհրդատու Արտաշես Խալաթյանը մեկնաբանում են որպես հրաժարում հայցադիմումն ու ծանուցումն ստանալուց։ Դատարանը այսօր որոշեց շարունակել Գառնիկ Իսագուլյանի փնտրտուքը։ Հենց տեղում ընդմիջում պահանջեցինք և զանգահարեցինք Լայվ նյուզ կայքի հեռախոսահամարով, որտեղ հաստատեցին այն հասցեն, ինչը նշել էինք հայցադիմումում, ու որով ուղարկվել էին ծանուցումները։ Դատարանը հայտարարեց, որ անգամ դիմել են վարչական շրջանին՝ որպեսզի նրանց օգնությամբ ծանուցումն ուղարկեն։ Հրապարակավ ծանուցում էին արել նաև Ազդարարի միջոցով։

Այսօր, որքան էլ մենք դեմ էինք և գտնում էինք, որ դատարանի այդ այլերից հետո դատավարությունը պետք է շարունակվի առանց պատասխանող կողմի, ում քանի ամիս է պատշաճ ծանուցում են, դատավոր Մուրադ Հովակիմյանը հետաձգեց դատական նիստը Իսագուլյանի «փնտրտուքը» շարունակելու համար։ Եթե մեր հայրենակիցներից որևէ մեկը տեղեկություն ունի Գառնիկ Իսագուլյանի մշտական գտնվելու վայրի մասին, խնդրում ենք մեզ հայտնել՝ դատարանին տրամադրելու համար։

Վաղ թե ուշ դատավարությունը կայանալու է, Գառնիկ Իսագուլյանն էլ կամ հիմնավորելու է իր հրապարակած կեղծիքը, կամ ներողություն խնդրի ու փոխհատուցի պատճառված վնասը։
Կանխավ տեղեկացնում եմ, որ այո, պատասխանատվության են ենթարկվելու ու պաշտոնազրկվելու են նաև նախկին իշխանությունների պատվերը կատարած ու կատարող դատավորները։ Ես այժմ բացառապես ինձ նվիրելու եմ այդ գործին։ Առաջիկայում Զարուհի Նախշքարյանի և վերաքննիչ դատարանի ևս երկու դատավոր հարց կմտցվի ԲԴԽ կարգապահական վարույթի համար։ Վճռաբեկ պալատը դեռևս ապացուցելու օրեր ունի, թե որքանով է անկախ ու անկողմնակալ դատաքննություն իրականացնում։

Ի գործ
ՀՀ քաղաքացին անկախ դատարան ունենալու է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել