Ինչպես «Պատիվ ունեմ» դաշինքը խորհրդարանում մանդատներ կստանա՝ առանց 7 տոկոս ձայն հավաքելու

Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփումը։

Իրավաբան․net-ը հայտնում է, որ հոդվածի 4-րդ կետի համաձայն, Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 5 (7) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հունիսի 21-ին, ժամը 10-ին հրապարակած վերջին տվյալների համաձայն․

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 53․92%
  • «Հայաստան» դաշինք – 21․4%
  • «Պատիվ ունեմ» դաշինք – 5․23%

Ստացվում է, որ երրորդ ուժը «Պատիվ ունեմ» դաշինքն է և անկախ նրանից, որ որպես դաշինք չի հավաքել ձայների անհրաժեշտ 7 տոկոսը, սակայն ամենաշատն է ձայներ ստացել՝ կանցնի խորհրդարան։

Հավելենք նաև, որ նույն հոդվածի համաձայն․

Ազգային ժողովի մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվերն են:

Մինչև 101 մանդատ մնացած մանդատները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել