7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանը այսօր՝ հունիսի 20-ին, ընտրական տեղամասի քվեախցից լուսանկար է հրապարակել։
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանված է պատիժ՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար, ըստ որի․
1. Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝ պատժվում է տուգանքով` 500-700 հազար դրամի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:
2. Քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը` պատժվում է տուգանքով՝ 100-200 հազար դրամի չափով:
Բացի այս, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․1 հոդվածով սահմանված են քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելու համար նախատեսված տուգանքները, ըստ որի․
Քվեարկության և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 400-600 հազար դրամի չափով:
Քվեարկության և դրան նախորդող օրը տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) կամ համացանցի միջոցով քարոզչություն կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` 500-700 հազար դրամի չափով։