Անցել է մոտ 30 ժամ և Արման Թաթոյանի էջում տեղ գտած ահա այս մեկնաբանությունը դեռ ջնջված չէ. պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անցել է մոտ 30 ժամ և Արման Թաթոյանի էջում տեղ գտած ահա այս մեկնաբանությունը դեռ ջնջված չէ։

Հաշվի առնելով մեծարգո պարոն Թաթոյանի սուր և կտրուկ վերաբերմունքը պաշտոնատար անձանց էջերում տեղ գտնող մեկնաբանություններին, հաշվի առնելով հանգամանքը, որ պարոն Թաթոյանը բազմիցս ատելության խոսք պարունակող մեկնաբանությունների պատասխանատվությունը դրել է այն պաշտոնատար անձանց վրա, որոնց էջերում այդ մեկնաբանությունները տեղ են գտնում, հաշվի առնելով, որ իմ էջում քաղաքացու՝ պարոն Թաթոյանին պաշտոնից ազատելու մասին մեկնաբանության առթիվ պարոն Թաթոյանը իմ էջը ատելության որջ, իսկ հրապարակումս էլ կրիմինոգեն էր անվանել և դիմել դատախազություն, հաշվի առնելով, որ Պաշտպանի՝ հարկատուների միջոցներով վարձատրվող աշխատակազմը ժամանակ և կամք ունի իմ և այլ պաշտոնատար անձանց էջերի մեկնաբանությունների մոնիթորինգ անելու ու հետևաբար պիտի ունենար նաև ժամանակ և կամք նույնն անելու նաև պարոն Թաթոյանի էջում՝ պնդում եմ․

1. Բացառում եմ, որ պարոն Թաթոյանը չի տեսել այդ մեկնաբանությունը։

2. Պարոն Թաթոյանը, ըստ իր կառուցած տրամաբանական շղթայի, պատասխանատվություն է կրում այս մեկնաբանության առկայության համար։

3. Այս մեկնաբանության միջոցով թիրախավորվում են բոլոր այն քաղաքացիները, որոնք այս կամ այն պատճառով դժգոհ են ՄԻՊ-ի աշխատանքից։

4. Այս մեկնաբանության միջոցով այդ անձանց շուրջ ստեղծվում է ատելության մթնոլորտ, նրանք որակվում են որպես ադրբեջանահպատակ միայն այն բանի համար, որ օրինակ՝ դիմել են ՄԻՊ-ին և դժգոհ են մնացել ստացած պատասխանից, դժգոհ են մնացել գործի վերջնարդյունքից, դժգոհ են մնացել, օրինակ՝ դիմած հարցի շուրջ աշխատանքի ձգձգումից։

5. Նորից ելնելով պարոն Թաթոյանի կառուցած տրամաբանական շղթաներից՝ վերջինս փաստորեն խրախուսում է իր աշխատանքից դժգոհ քաղաքացիների անձի շուրջ ատելության մթնոլորտի ստեղծումը, նրանց պիտակավորումն ու թիրախավորումը, որը կատարվում է վերջիններիս նկատմամբ ատելության խոսքի, վիրավորանքի, ծաղրի դրսևորումներով։

Նորից շեշտում եմ՝ հրապարակումների մեկնաբանությունների նկատմամբ պարոն Թաթոյանի սուր վերաբերմունքն է այս վերլուծության պատճառը։ Այսինքն՝ եթե պարոն Թաթոյանը գտնում է, որ պաշտոնատար անձը կրում է պատասխանատվություն իր էջում գրված և չհեռացված մեկնաբանությունների համար, ապա միանշանակ է, որ պարոն Թաթոյանը ստանձնում է իր աշխատանքից դժգոհ քաղաքացիների շուրջ ատելության մթնոլորտի ձևավորմանը միտված մեկնաբանությունների պատասխանատվությունը։

Կարծում եմ՝ անթույլատրելի է ցանկացած քաղաքական, քաղաքացիական կարծիքի համար քաղաքացիների նման թիրախավորումը։ Պետք է հստակ ֆիքսել, որ ՄԻՊ-ի պատասխանատվության գոտու մեջ են նաև այն քաղաքացիները, որոնք դժգոհ են ՄԻՊ-ի աշխատանքից ու այդ քաղաքացիների շուրջ ատելության մթնոլորտի ձևավորումը ոչ մի լավ տեղ չի տանելու»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել