Beeline ընկերությունն այսօր առավոտյան իր բաժանորդներից որոշներին SMS հաղորդագրություն էր ուղարկել` կոչ անելով քվեարկել «Միասնական հայրենիքի» օգտին։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված էր կուսակցության կարգախոսը, քվեաթերթիկի թիվը և ակտիվ հղում, որը տանում էր կուսակցության ֆեյսբուքյան էջ։
Քիչ առաջ, սակայն, ընկերությունը երկրորդ հաղորդագրությունն ուղարկեց` խնդրելով անտեսել նախկին հաղորդագրությունը։
«Այն ուղարկվել է տեխնիկական սխալի պատճառով։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,–նշված է երկրորդ հաղորդագրության մեջ։
Իսկ թե ինչ տեխնիկական սխալի հետևանքով էր առաջին հաղորդագրությունն ուղարկվել` հայտնի չէ։
Հավելենք միայն, որ 2 հաղորդագրություններն էլ ոչ բոլոր բաժանորդներին են ուղարկել։