Աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների հնարավոր առաջացումն ու տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու կառույց խստորեն հորդորում է պահանել սանիտարահամաճարակային նորմերը։
Հատկապես ամառային շոգ եղանակով պայմանավորված անհրաժեշտ է՝
- չգնել անհայտ ծագման, չսահմանված վայրերում, առանց պատշաճ ջերմաստիճանի և հիգիենիկ պայմանների պահպանման վաճառվող սննդամթերք, հատկապես պատրաստի սննդատեսակներ (քաբաբ, խորոված, մսով, սնկով փքաբլիթներ, այսպես կոչված՝ Ղարսի խորոված),
- կրեմային հրուշակեղեն, լցնովի պաղպաղակ և այլն,
- հետևել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվանալ օճառով,
միրգ, բանջարեղեն, հատապտուղներ օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող խմելու ջրով, - սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի աղտոտումից զերծ պահելու նպատակով,
- չհավաքել և սննդում չօգտագործել անհայտ ծագման սնկեր,
- չպահել պատրաստի սնունդը սենյակային ջերմաստիճանում երկու ժամից ավելի,
- չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և խաղալ ոռոգման ջրով,
- չաղտոտել շրջակայքը,
- խմելու ջրի համային և գունային փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքում այն չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո, ինչպես նաև դիմել համապատասխան մարմիններին,
- աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանիշերի առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի։
Տեսչական մարմինը հրավիրում է նաև հիվանդանոցային և արտահիվանդանոցային ձևերով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը՝ անհրաժեշտ է խստորեն պահպանել սանիտարահամաճարակաբանական կանոններն ու նորմերը՝
— առողջարանային-վերականգնողական հաստատություններում,
— ուսումնական հաստատություններում,
— մանկատներում, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում,
— տուն-ինտերնատներում,
— հյուրանոցային տնտեսություններում,
— արտադրական ձեռնարկություններում։
ԱԱՏՄ վերահսկողական աշխատանքները նշված սուբյեկտների մոտ կրում են մշտական բնույթ։
Հիշեցում՝ աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների հիմնական ախտանշաններն են թուլությունը, գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը, փսխումները, լուծը, ջերմության բարձրացումը և այլն։