Հունիսի 15-ին տեղի է ունեցել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի ընդունելության միասնական քննությունը, որին, ըստ հայտագրման նախնական տվյալների, պետք է մասնակցեր 3751 դիմորդ։
Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ մարզերում հայտեր ներկայացրած դիմորդների թիվը 2795 է, մայրաքաղաքում՝ 956: Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի միասնական քննությունը կազմակերպվել է 29 քննական կենտրոններում, որոնցից 7-ը Երևանում են, իսկ 22-ը՝ մարզերում։
Թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները ԳԹԿ-ի կայքում և dimord.am էլեկտրոնային պորտալում կհրապարակվեն քննության ավարտից 2 ժամ անց, իսկ քննության գնահատականները՝ քննությունը հանձնելու 5-րդ օրը։
Հունիսի 11-ին տեղի ունեցած «Օտար լեզու» առարկայի (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն) միասնական քննության արդյունքները կհրապարակվեն վաղը՝ հունիսի 16-ին։ Դիմորդները ստացած գնահատականները կարող են բողոքարկել քննության արդյունքների հրապարակման հաջորդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն: