Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են գերեվարված հայ զինծառայողներին Հայաստանին հանձնելու կադրերը:
Տեսանյութում երևում է, որ կադրերն արվել են Վրաստանի սահմանին։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր․ «Մեր գերեվարված եղբայրներից ևս 15-ը վերադառնում է Հայաստանի Հանրապետություն»։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ վերադարձի գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին եւ Վրաստանի կառավարությանը։
«ՀՀ կառավարությունը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին մեր տարածաշրջանում հումանիտար բնույթի, հատկապես հայ գերիների հայրենիք վերադարձի ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերի համար»,-գրել էր վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի խոսքով՝ Վրաստանի իշխանությունները աշխատել են 2-3 ամիս շարունակ` Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության գալու համար:
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 գերեվարված զինվորների՝ Ղարաբաղում Ակնայի (Աղդամ) շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց:
Գործարքի պայմանները համաձայնեցվել են` Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ակտիվ միջնորդությամբ: Գործընթացին ներգրավված է եղել նաև ԱՄՆ պետքարտուղարի ` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ժամանակավոր պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը:
«Վերջին 2-3 ամիսների ընթացքում մենք շատ ակտիվ ենք եղել մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ` այս արդյունքին հասնելու համար: Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք ունենք այդպիսի արդյունք և ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել, առաջին հերթին, մեր ռազմավարական գործընկերներին `Ադրբեջանին և Հայաստանին, որոնք շատ լավ գիտակցեցին, որ անհրաժեշտ է ընդառաջ քայլեր անել` տարածաշրջանում երկկողմ խաղաղություն և կայունություն հաստատելու համար», — ասել է Զալկալիանին: