Օնիկին ասել եմ՝ մի՛ արատավորիր քո գեներալի պագոնները․ Սերժ Սարգսյանը հայտնել է, թե ինչ է խոսել Օնիկ Գասպարյանի հետ

Երևանի Արաբկիր վարչական շրջանում «Պատիվ ունեմ» դաշինքի՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է․

«Կարող եմ հաստատել փաստը, որ, այո՛, պատերազմից հետո Օնիկ Գասպարյանն ինձ զանգահարել է: Այդ ընթացքում, իհարկե, կոշտ, կոպիտ խոսքեր եղել են։ Ես նույնիսկ չեմ հիշում՝ հայհոյել ենք, թե չենք հայհոյել, բա ի՞նչ անեինք, գովասենեի՞նք, ասեինք՝ ապրե՞ք, որ մեր հայրենիքի կեսը հանձնել եք, որ 5000 զոհ եք տվել, ասեինք մալադե՞ց։

Չի եղել դա։ Անկեղծորեն պիտի ասեմ, որ Օնիկ Գասպարյանը մեր զինվորականների լավագույն հատվածին էր պատկանում։ Ես տևական ժամանակ ճանաչել եմ Օնիկ Գասպարյանին, որտեղ ինքը աշխատել է, իր պարտականությունները շատ նորմալ կատարել է։

Բայց չե՞ք կարծում, որ ծիծաղելի է, իր համերկրացին, որ էդքան պաշտոններ ու կոչումներ է իրենից ստացել, զանգահարում է ինձ և իր համաձայնությունն է հայտնում մարդուն, ով ինքն իրեն հռչակել է Գերագույն գլխավոր հրամնատար։ Բայց այդ չի կարևորը։ Կարևորը հետևյալն է՝ ինչպիսի՞ փոխհարաբերություններ են իրենք ունեցել հենց ռազմական գործողությունների ժամանակ։

Արդյունքը եղել է այն, որ մենք գնացել ենք կանխամտածված պարտության։ Հիմա այդ ընթացքում Օնիկ Գասպարյանը կատարել է իր ցուցումները, թե ինքնուրույն է որոշումներ կայացրել, դա կերևա, երբ որ մենք հետաքննություն անցկացնենք։ Իսկ հետաքննություն մենք անց ենք կացնելու։

Գիտե՞ք, երբ Օնիկ Գասպարյանն ինձ զանգահարել է, հետևյալն է եղել խոսակցությունը․ ինքը զանգահարել է, ինձ ասում է, որ ես Սյունիքում եմ և էստեղ դժվար իրավիճակ է։ Ես հարցնում եմ՝ ի՞նչ դժվար իրավիճակ է, ասում է՝ կարծեք թե մենք պետք է ավելին հանձնենք, քան հանձնել ենք։

Ես էլ ասել եմ՝ մի՛ արատավորիր քո գեներալի պագոնները։ Որևէ կերպ պետք չէ նպաստել այլ գործողություններ կատարելուն կամ այլ որոշումներ կայացնելուն, որոնք նշված չեն կապիտուլյանտի կողմից ստորագրված փաստաթղթում։

Այնտեղ 300 քառ․ կմ մեր զորքերի վերահսկողության տակ էր, Կուբաթլուի հատվածում, 288 քառ․ կմ։ Այդ 288 քառ․ կմ-ը հանձնել ենք նրանց, կապիտուլյանտի ասելո, ինչ-որ բանավոր պայմանավորվածության հիման վրա։ Գոնե եթե դա չհանձնեինք, Սյունիքը շատ, թե քիչ կարող էր անվտանգ լինել»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աչաջուրցիների հետ հանդիպման ժամանակ ասել էր․

«Գիտեք, որ ես վարչապետ եմ դարձել Օնիկն եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ՝ գեներալ-մայորի կոչումով։ Հետագայում իմ միջնորդությամբ նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում և պատերազմի ժամանակ իմ նախաձեռնությամբ շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում։ Երբ որ ես միջնորդել եմ Օնիկին նշանակել Գլխավոր շտաբի պետ, երբ որ խոսակցություն եմ ունեցել իրա հետ, ես իրան մենակ մի բան եմ ասել, ասել եմ՝ Օնիկ, գիտե՞ս, ես մենակ մի բանից եմ էս պատմության մեջ վախենում։

Ասել է՝ ինչի՞ց, ասել եմ՝ իմ կարծիքով՝ դու նախկին իշխանությունների հետ ահագին ամուր կապեր ունես, ինքն էլ ասել է՝ չէ, խնդիր չունես, մի անհանգստացի, և ես նշանակել եմ։ Եվ ես ուզում եմ՝ դուք իմանաք, որ նույնիսկ իմ քաղաքական մերձավորները կնեղանան և նեղացել են, բայց ես Օնիկին վստահել եմ իմ հարազատ ախպոր նման։ Ես իրա ասածները երբեք կասկածի տակ չեմ դրել։ Նույնիսկ երբ որ նշանակված էր, հուլիսյան մարտերի ժամանակ ԱԱԾ-ն ինձ մի դրվագի մասին ասեց, որ սենց մի դրվագ է եղել, ինքը քեզ սխալ է զեկուցել, ես ասեցի՝ բացառված է, չեմ հավատում, որ ինքն ինձ սխալ բան զեկուցած լինի։ Խոսեցինք իրար հետ, ասեց՝ բացառված է, ես քեզ սխալ բան չեմ զեկուցի, ես էլ ասեցի՝ ես քեզ եմ հավատում, ես քեզ եմ հավատալու։

Եվ այդպես եղել է մինչև պատերազմն ավարտվելուց հետո։ Պատերազմի ընթացքում էլի եղել են դրվագներ, երբ որ Արցախից, նույնիսկ մեր գործընկերներն եկել են, ասել՝ էս դրվագը սենցա, ես զանգել եմ, ասել՝ Օնիկ ջան, սենց բան են ասում։ Վերջը, մենք եկել ենք էն եզրակացության, որ պատերազմի հետ կապված դրվագներով ես պետք է լսեմ մենակ իրա ասածը, և ես համաձայնել եմ, քանի որ ինքնա Զինված ուժերի անմիջական ղեկավարը։ Ինչի՞ է էս խոսակցությունը բացվել։ Երկու պատճառով։ Մեկը նոյեմբերի 20-ի իրադարձությունների պատճառով։

Նոյեմների 20-ին Օնիկ Գասպարյանը գնում է Սյունիքի մարզ, հանդիպում է ունենում որոշ շրջանակների հետ, ինչ-ինչ պատճառով ճանապարհին հեռախոսային խոսակցություն է ունենում սերժ Սարգսյանի հետ, Սերժ Սարգսյանի հետ էդ հեռախոսային խոսակցության մեջ իմ մասին ասում են ամենավերջին բառերը։ Հետո պայմանավորվում են, որ իրար հետ պետքա հանդիպեն, հետո էդ իրիկունն Օնիկն ասում է՝ ուզում եմ գամ մոտդ։ Ասում եմ՝ արի։ Մենք հանդիպում ենք Կոնդի առանձնատանը։ Ինքը, կարճ ասած, ինձ ասում է՝ որոշում կայացրու և հրաժարական տուր։ Ես իրան հետևյալն եմ պատասխանում, ասում եմ՝ Օնիկ ջան, քանի՞ օր չես քնել, ինքն ասում է՝ երևի մի 4-5 օր չեմ քնել, ասում եմ՝ քեզ խնդրում եմ, գնա, քնի , հանգստացի, հա՞, արի էս խոսակցությունը մոռանանք, գնա, քնի, հանգստացի։ Հետո կանչում եմ իրան, ասում եմ՝ Օնիկ, տես, ես քեզ անվերապահորեն վստահել եմ, ուզում եմ էլի անվերապահորեն վստահեմ՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, այդ թվում՝ իմանալով, որ մենք իրար գիտենք «արմատներից»։

Ես կմոռանամ էդ պատմությունը, որ դու եկել, ասել ես, որ պետքա հրաժարական տաս և այլն և այլն։ Ես կմոռանամ էդ պատմությունը։ Ես ուզում եմ քեզ էլի լիարժեք վստահել։ Որից հետո զգում եմ, որ քաղաքական ազդեցություններ կան Գլխավոր շտաբի նկատմամբ։ Եվ որից հետո ի հայտ են գալիս դրվագներ, որ ես համոզվում եմ, որ իրոք, շատ բաներ ինձ ճիշտ չեն զեկուցվել, և էդ ճիշտ չզեկուցվելու արդյունքում ի հայտ են գալիս պրոբլեմներ։ Եվ ի վերջո, էլի խոսակցություն է բացվում, որ ակնարկներ կան, որ Գլխավոր շտաբը կարող է իմ հրաժարականը պահանջի։ Ես իրան ասում եմ՝ Օնիկ ջան, դու ինձ չգիտեմ՝ ինչքանով ես ճանաչում, չես ճանաչում, բայց ըտենց բաներն ինձ հետ չեն անցնելու։ Ես էլի ասում եմ՝ ես պատրաստ եմ մոռանալ, դուրս արի էդ տրամաբանությունից։

Եվ, ի վերջո, ինձ համար ակնհայտ է դառնում, որ Գլխավոր շտաբը քայլ-քայլ անցնում էընդդիմության շարքերը։ Եվ մի հայտնի իրադարձությունից հետո ես որոշում եմ կայացնում և՛ իրան, և՛ առաջին տեղակալին ազատել պաշտոնից։ Ընդ որում, երբ որ պատերազմի ժամանակ դուք տեսնեիք, թե ես իր ասածներին ինչպիսի անվերապահությամբ եմ հավատացել։ Երբ որ ինքն ինձ ասել է՝ Տիրան Խաչատրկանին պետք է տալ Ազային հերոսի կոչում, որովհետև ինքը հիմա էնտեղ միջոցներ է ձեռնարկում, որ հակագրոհ կազմակերպի, ես դա չեմ էլ քննարկել։ ասել եմ՝ եթե էսօր էդ պիտի անեմ ես, որ մենք ռազմի դաշտում հաջողություն ունենանք, ես դա կանեմ, քո ասածով ես դա կանեմ։ Եվ էսօր Տիրան Խաչատրյանը վերա կենում և իմ հասցեին ամենավերջին բաներնա ասում, բայց ես ուրիշ բան եմ ասում․ եթե Տիրան Խաչատրյանը գտնում է, որ ես էդ գնահատականին եմ արժանի, թող իրան տված Ազգային հերոսի կոչումից հրաժարվի, որովհետև արժանապատիվ սպա է, ու ինքը հմարում է, որ իրան հերոսի կոչում տալու միջնորդությունը ստորագրած մարդը ոչ մի բան չի հասկանում, ուրեմն ինքը պետք է հրաժարվի հերոսի կոչումից առնվազն։

Եվ հաջորդ դրվագը՝ լուրեր են տարածվում, որ ես իբր նոյեմբերի 9-ի երեկոյան ես մղվել եմ, որ էդ թուղթը ստորագրեմ, և Օնիկնա ինձ զգուշացրել և թույլ չի տվել, որ էդ թուղթը ստորագրեմ, մինչդեռ իրականությունն ուղիղ հակառակն է։ Մարդիկ կան ներկա, 10 մարդու ներկայությամբ Օնիկն ասելա, որ պետք է ստորագրել, և ես էդ ժամանակ էլ չեմ մեղադրել իրան, որովհետև ես համարել եմ, որ ինքը պատերազմին մասնակցած մարդա, ոտքը կորցրած մարդա։ Ես չեմ մեղադրել, որ ինքը էդ դիրքորոշումն է ունեցել։

Ես ուրիշ բանի մեջ եմ մեղադրում, որ ինքը հիմա հետահայաց հակառակ լուրեն է տարածում։ Ես ուղղակի ասել եմ, որ ոչ, դա բացառված է, ես չեմ ստորագրի և մենք միջոցներ ենք ձեռնարկել, էդ մասն էլ, ուրիշ մասեր էլ դուրս են եկել։ Ինձ ուրիշ բանա հետարքրքում՝ ինչիա՞ հակառակ լուրը տարածվում։ Եվ էդ փաստի վերլուծությունն ինձ լրիվ ուրիշ հետևությունների է բերում, որ կարո՞ղ է հընթացս ոչ թե որևէ մտահոգության պատճառով էր ինքն ինձ ասում ստորագրի, այլ ինքը մտածում էր, որ ինչքան վատը լինի էդ թուղթը, էդքան ավելի մեծ հնարավորություն կա, որ քաղաքական պայթյուն կառաջացնի և կքշի մեր կառավարությանն՝ այդ թվում ինձ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել