Ստեփանակերտում այրվել է 2 բնակարան․ ԱՀ ԱԻՊԾ

Այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 18:37-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Արմենավան թաղամասում միաժամանակ 2 բնակարան է այրվում: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայությունը։

«Կանչը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասի 3 մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը՝ ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Վ.Համբարձումյան 29 հասցեի բնակարանում՝ դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհը անմիջապես տարածվել է նաև հարևանությամբ գտնվող բնակարանում:

Հրշեջ փրկարարները գործադրել են բոլոր ջանքերը և մարել կրակը:
Ամբողջությամբ այրվել է Վ.Համբարձումյան 29 հասցեի բնակարանը, մասնակի՝ հարևանությամբ գտնվող տունը:

Նշենք, որ դեպքի վայր են ժամանել նաև ՆԳ նախարարության ոստիկանության և ԱԻՊԾ Ստեփանակերտի քաղաքային վարչության և բաժնի պատասխանատուները, Ստեփանակերտի քաղաքապետարանի անձնակազմը՝ քաղաքապետի գլխավորությամբ, «Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը, «Արցախգազ» և «Արցախէներգո» և «Ջրմուղ կոյուղի» ՓԲ ընկերությունների ներկայացուցիչները:

Բռնկված հրդեհից ոչ ոք չի տուժել:

Դեպքի ստուգմամբ զբաղվում է ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել